Անցկացվեց շախմատի երիտասարդական մրցաշար

Անցկացվեց շախմատի երիտասարդական մրցաշար

Հուլիսի 27-28-ը Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակում կայացավ Շախմատի օրվան նվիրված շախմատի երիտասարդական մրցաշար:

Մրցաշարին մասնակցում էին մինչև 25 տարեկան 29 շախմատիստներ, որոնցից 6-ը աղջիկներ: Մասնակիցները հիմնականում ներկայացնում էին Նինոծմինդա քաղաքի և Սաթխա գյուղի շախմատի խմբակները: Մրցաշարի առաջին փուլում մասնակիցները խաղացին օլիմպիական համակարգով, իսկ երկրորդ փուլում՝ շրջանային համակարգով:

Ինչպես նշեց Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանը այս մրցաշարի նպատակն էր երիտասարդների շրջանում մեծացնել հետաքրքրությունը շախմատի նկատմամբ:

Թեժ պայքարում տղաներիշրջանում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Դավիթ Սահակյանը, երկրորդ հորիզոնականը՝ Արշալույս Զաքարյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ Հովակիմ Նանայանը: Աղջիկների պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Տատյանա Վարդանյանը, երկրորդ հորիզոնականը՝ Նարինե Ծառուկյանը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արևիկ Գրիգորյանը:

Շախմատի երիտասարդական մրցաշարը կազմակերպել էր Նինոծմինդայի մարզադպրոցի շախմատի խմբակը: Հաղթողներին հանձնվեցին վկայականներ:

Շախմատի միջազգային օրը նշվում է 1966 թվականից ի վեր: Այս օրը նշելու նախաձեռնությունը պատկանում է Շախմատի միջազգային ֆեդերացիային:

Շախմատիստներ Յուրա Կույումչյանը, Արագեղեցիկ Սանոսյանը և Դավիթ Սահակյանը կմասնակցեն Արցախում կայանալիք 20-րդ համահայկական խաղերին: