Ջավախքի 43 ուսանող կրթաթոշակ կստանա

Ջավախքի 43 ուսանող կրթաթոշակ կստանա

Վրաստանի ԲՈՒՀ-երում սովորող հայ ուսանողները Հայ Կրթական Հիմնարկություն կազմակերպության կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում կրթաթոշակ կստանան:

Վրաստանի ԲՈՒՀ-երում սովորող 32, և Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորող 11 ջավախքահայ ուսանողներ կստանան կրթաթոշակ 2019-2020 թթ. ուսումնական տարվա համար։

ՀԿՀ կրթաթոշակի մրցույթի հազարավոր մասնակիցներից լավագույնները՝ 263 ուսանողների կտրամադրվի կրթաթոշակ՝ տվյալ տարվա ուսման վարձի չափով: Սույն ծրագրի նպատակն է՝ խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող, նյութապես անապահով ընտանիքների ուսանողներին:

Կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16; 7,5; 3,2 կամ 77 միավոր է։

«Մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել Ջավախքի երեխաներին, բայց անցած տարվանից որոշեցինք առանձնացնել կրթաթոշակի մրցույթ ջավախքահայ ուսանողների համար, որպեսզի շահագրգռվածությունը մեծ լինի և դիմելիությունը շատ։ Նաև, քանի որ գիտենք, որ Ջավախքը դժվարին կացության մեջ է, որոշեցինք որ պետք է սկսել ֆինանսավորել նաև այն երեխաներին, ովքեր Թիֆլիսում են կրթություն ստանում և դրա կարիքն ունեն», – ասաց ՀԿՀ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը։

ՀԿՀ կրթաթոշակի մրցույթի հաղթողներից մեկը Ննոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղից է։ Արմենուհի Շիրինյանը սովորում է ԹՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում։ Արմենուհին պատմում է, որ ծրագրի մասին տեղեկացել է ծանոթներից, և որոշել է անպայման մասնակցել:

«Որոշեցի մասնակցել, որովհետև, ըստ իս, յուրաքանչյուր մարդ, եթե ինչ-որ ձևով աշխատում է իր վրա, ձգտում է, իրավունք ունի հետագայում անվճար սովորելու։ Կարևոր փուլ է հատկապես այն ուսանողների համար, ովքեր ձգտել են ու չեն ստացել անվճար սովորելու իրավունքը: Վրաստանը ցավոք սրտի այդ հնարավորությունը չի տալիս», – ասում է Արմենուհին։

Ռուզաննա Յաժյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում։ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից Թբիլիսի ժամանած ուսանողուհին ավարտել է նախապատրաստական ֆակուլտետը և հիմա պատրաստվում է ուսումը շարունակել միջազգային հարաբերություններ ուղղությամբ։

«Մի քանի ամիս առաջ իմացա AEF ծրագրի մասին և որոշեցի մասնակցել: Երջանկություն է իմանալ, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են քեզ օգնել առաջ գնալ և հաջողություններ գրանցել ուսման ասպարեզում։ Մարդիկ, ովքեր առանց քեզ ճանաչելու հնարավորություն են տալիս իրագործել քո երազանքները», – մրցույթի արդյունքներից գոհ պատմում է Ռուզաննան:

Ռուզաննան հավելում է, որ կրթաթոշակը պարտավորեցնում է, որ արդարացնելու ֆինանսավորողների սպասելիքները:

«Մեծ պատասխանատվություն եմ զգում, քանզի պետք է արդարացնեմ ինձ ֆինանսավորողների սպասելիքները, և անեմ առավելագույնը՝ լավ մասնագետ դառնալու և իմ ստացած գիտելիքներով հետագայում, եթե ոչ աշխարհում, ապա գոնե իմ համայնքում դրական փոփոխություններ կատարելու»:

ՀԿՀ տնօրենի խոսքով, կրթաթոշակն ուսման վարձի տեսքով փոխանցվում է ուղիղ համալսարանին, իսկ ուսանողները փոխարենը պարտավորվում են ունենալ լավ գնահատականներ և 120 ժամ կամավորական աշխատանք կատարել։

«Երբ ուսանողը լավ չի սովորում, կամավորական աշխատանքներ չի անում, այդ դեպքում նա ինքնաբերաբար հեռացվում է ծրագրից», – ասում է Արմինե Հարոյանը:

Ուսանողները ֆինանսավորվում են սկսած առաջին կուրսից, և 2019 թվականի սեպտեմբերից արդեն կստանան կրթաթոշակներ։ Վարձավճարի կեսը փոխանցվում է ուսումնական տարվա սկզբին, իսկ մյուս կեսը՝ հունվարին։ Կազմակերպության կողմից ամփոփվում են ուսանողների գնահատականները և կամավորական աշխատանքների մի մասը, որից հետո կրկին ֆինանսավորում են մինչև ուսումնական տարվա ավարտը։jnews.ge