Սահակաշվիլին խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցել իրեն

Սահակաշվիլին խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցել իրեն

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խորհրդարանական մեծամասնությանը եւ արտգործնախարարության ներկայացուցիչներին առաջարկում է արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցել իրեն: Այս մասին նա հայտարարել է Թաիլանդում, որտեղ մասնակցում է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների գագաթաժողովի աշխատանքներին:

Միխայիլ Սահակաշվիլին բացատրել է, որ դիվանագիտական քայլեր են անհրաժեշտ ի պատասխան Ռուսաստանի փութաջան գործողությունների, որը ցանկանում է «օրինականացնել մեր տարածքների գրավումը»: «Այստեղ ասիական երկրների գագաթաժողով է անցկացվում: Խնդիրն այն է, որ մեր պատվիրակության կազմում չկան արտգործնախարարության ներկայացուցիչներ: Այնինչ, մինչ նախագահը մասնակցում է, արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ստվերում աշխատի այն հարցերի ուղղությամբ, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի համար…», – նշել է նախագահը:

Նրա խոսքով` ինքը մի քանի օրից կմեկնի Էկվադոր` երկրի նախագահի երդմնակալությանը մասնակցելու, «եւ այնտեղ են մեկնում այն ռիսկային խմբերը, որոնց հետ եռանդով աշխատում է Ռուսաստանը», եւ հենց այդ պատճառով էլ խորհրդարանական մեծամասնության եւ ԱԳՆ-ի ներկայացուցիչները պետք է պատվիրակության կազմում լինեն: «Ես միայն ուրախ կլինեմ, եթե մեծամասնության ներկայացուցիչներն ինձ ընկերակցեն գործուղումների ժամանակ, քանի որ մեր դիրքորոշումներում տարբերություններ չպետք է լինեն», – ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ օրերս Վրաստանի խորհրդարանում բարձրացվել էր Սահակաշվիլիի արտասահմանյան այցերի վերաբերյալ հանրության իրազեկվածության հարցը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պահանջում էին, որպեսզի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը ժամանակին տեղեկացնի Միխայիլ Սահակաշվիլիի այցերի մասին, քանի որ պարզվել էր, որ արտգործնախարարությունը տեղյակ չէր նախագահի այցերի մասին, այն դեպքում, երբ այցերի ընթացքում «նախագահը հայտարարություններ է անում եւ տնտեսության, եւ էներգետիկայի, եւ կրթության մասին, որը կառավարության անմիջական իրավասությունն է»: Պատգամավորները նաեւ պահանջում էին հստակեցնել, թե Սահակաշվիլիի հետ ինչ կարգավիճակով են մեկնում «Միասնական ազգային շարժման» իր կուսակիցները:
news.am



Opinion, pooling and voting