Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մի քանի փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:
Իսահակյան փողոցի բնակիչները պահանջում են նախ տեղադրել անձրևաջրերի հեռացման խողովակներ, այնուհետև նոր իրականացնել բուն ասֆալտապատման աշխատանքները:
Ինչպես նշում է բնակիչ Խաչիկ Բոզոյանը, նախկին փորձը ցույց է տալիս, որ երբ անձրևատարների հարցը սկզբից չի լուծվում, ասֆալտապատումից հետո ճանապարհի մակարդակը բարձրանում է և անձրևաջրերը լցվում են բնակիչների տների բակերը:
Ճոճաշեն թաղամասի Դումբաձե փողոցում ճանապարհի մակարդակը ցածր է, իսկ ամբողջ ջուրը հավաքվում է փողոցի մեջտեղում: Այդ փողոցի բնակիչները բողոքում են, որ անհնար է փողոցով քայլել: Անձրևոտ եղանակին այս փողոցում երթևեկությունը մշտապես կաթվածահար վիճակում է լինում: Հատկապես վատ վիճակում է գտնվում Դումբաձե-Պուշկին հատվածը:
Բնակչուհի Գոհար Ղարսլյանը նշում է, որ այն հատվածում, որտեղ ճանապարհը մեծ թեքություն ունի, այդ հատվածի անձրևաջրերը լցվում են իրենց տան բակը: Նա նաև նշում է, որ փողոցով անցնող խոշոր բեռնատար մեքենաների երթևեկությունից տան պատերին ճաքեր են հայտնվել:
Գոհարը գրավոր դիմել է քաղաքապետարան, խնդրելով, որ այդ հատվածը նախատեսված լինի միայն անցորդների համար: Նա նաև մտահոգված է, որ փողոցի ասֆալտապատումը մեծ վնաս կպատճառի տանը:
Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Տոնոյանը նշում է, որ բնակիչների հետ խոսել և քննարկել են Իսահակյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների հետ կապված խնդիրները: Ինչ վերաբերում է Գոհար Ղարսլյանի դիմումին, փոխքաղաքապետը նշել է, որ քայլեր կձեռնարկեն այդ փողոցը բարեկարգելու ուղղությամբ: Փոխքաղաքապետի խոսքով, ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է բետոնե պատ տեղադրել, որպեսզի ջուրը չվարարի ու չքանդի հիմքը:
Թե ինչպես կընթանան հետագա աշխատանքները, NOR ռադիոն կտեղեկացնի իր հետագա նյութերում.
Տեսանյութը տրամադրել են բնակիչները, որտեղ երևում է փողոցում ստեղծված իրավիճակը անձրևոտ եղանակին
” alt=”” />