«Քաչալ գորի» սարի գաղտնիքները. Լուսանկարներ

«Քաչալ գորի» սարի գաղտնիքները. Լուսանկարներ

Մադաթափան «ժող. Քաչալ գորի» գտնվում է Մադաթափա լճի ափին, հարակից գյուղերն են Եֆրեմովկան, Ժդանովականը և Սամեբան:

Մադաթափա լիճը, Սամեբան, Ժդանովականը, Եֆրեմովկան:

Քաչալ գորին ամբողջությամբ միայն երևում է այդ գյուղերից: Սարը ունի երկու գագաթ, որից մեկը մոտավորապես 300 մետրով բարձր է մյուսից: Երկու գագաթների միջև գտնվում է հրաբխային խառնարանը, որը լավ պահպանվել է:

Հրաբխային խառնարանը բարձր գագաթից:

Հայտնի չէ, թե երբ է սարի վրա ժայթքել հրաբուխը, սակայն առկա քարերի և պահպանված մեծ խառնարանի շնորհիվ պարզ է դառնում, որ Քաչալ գորին հանգած հրաբխային սար է: Քաչալ գորին այն եզակի սարերից է Վրաստանում, որի վրա կա հրաբխային խառնարան, խառնարանի խորությունը մի քանի մետր է: Հեռվից դիտելով սարը, երկու գագաթների միջև երևում է փոս, հենց այդ փոսի մեջ է խառնարանը։

Հրաբխային խառնարանը:

Խառնարանի մեջ:

Նշենք նաև, որ խառնարանի հատակին կան իրար կողքի երեք քարե փոսեր, ամեն փոսի խորությունը գրեթե 2,5 մետր է։

Երեք քարե փոսերը իրար կողք:

Քարե փոսի մեջ:

Գտնվելով սարի վրա՝ անմիջապես քո առջև բացվում է հեքիաթային բնապատկեր, առաջին հերթին աչքի է ընկնում Մադաթափա լիճը իր ողջ գեղեցկությամբ:

Մադաթափա լիճը եւ Ժդանովական գյուղը:

Սարի գագաթից պարզ երևում են հարակից գյուղերը, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքները, Արագած, Աբուլ, Քաղոն սարերը, երևում են նաև Սաղամո, Բուղդաշեն, Ախմազ, Խանչալի լճերը:

Աբուլ սարը եւ Սաղամո լիճը:

Հեշտիայի Քաղոն սարը:

Բուղդաշեն, Ախմազ, Խանչալի լճերը:

Պարզ երևում է նաև Թուրքիայի տարածքում գտնվող Չիլդիր լիճը:

Մադաթափա լիճը, իսկ հեռվում՝ սարերի մեջ Չիլդիր լիճն է:

Ուշագրավն այն է, որ Քաչալ գորիի և Մադաթափա լճի անմիջապես կողքին դեպի հյուսիս կա ևս մեկ լիճ, որի մասին քչերը գիտեն կամ ընդհանրապես չգիտեն, դա Բիկետի լիճն է, որը մակերեսով մոտ է Օրլովկա գյուղի մոտ գտնվող Ախմազի լճին:

Բիկետի լիճը:

Սարի գագաթին է գտնվում նաև քարերի անկանոն շարքով բացօթյա սուրբը, որտեղ այցելուները մոմ են վառում սրբի մեջ առկա սուրբ քարի մոտ:

Գագաթի վրա գտնվող սուրբը եւ սուրբ քարը:

Սարի հետնամասի ստորոտին է գտնվում Պուզ աղբյուրը, որը անգամ ամառվա շոգին սառցակալված է: Քաչալ գորիի վրա բուսական աշխարհը ունի յուրահատուկ գեղեցկություն, օգոստոս ամսին հանդիպում են 3 տեսակ անկրկնելի գեղեցկություն ունեցող ծաղիկներ, որոնք միայն նկատեցինք սարի գագաթին:

Եթե ծաղիկները աճում են այնտեղ, ուրեմն ցրտադիմացկուն են, իսկ սարի վրա ջերմաստիճանը ցածր է: Քաչալ գորիի լանջին մեծ քանակությամբ աճում է ազնվամորի, սև հաղարջ, սև և կարմիր մասուր: Անզեն աչքով երևում է, որ սարը պատված է միլիոնավոր քարերով։ Գտնվելով այնտեղ՝ աչքի է ընկնում քարերի հետաքրքիր դասավորությունը և նրանց վրայի դեղին, կարմիր, կանաչ քարաքոսերը, որոնք նույնպես գունային գեղեցկությամբ զարդարում են սարը:

Գունավոր քարաքոսերը:

Սարի վրա հանդիպում են մեծ չափերի, հիմնականում կարմրաոտ և մեջքի վրա կովի գլխի պատկերով սարդեր, քարերի վրա կպչուն մեծ խխունջներ, ինչպես նաև երկու տեսակի օձեր՝ լորտու և իժ: Իժերը թունավոր են, իսկ լորտուները՝ անվնաս:

Կարմրաոտ սարդը:

Թունավոր իժը:

Սարի ստորոտին ամռան ամիսներին վրաններ են խփում Վրաստանի տարբեր վայրերից եկած բնակիչներ, որոնք արոտատեղի են բերում մեծ քանակությամբ ոչխարներ: Մադաթափա սարի գեղեցկության, գաղտնիքների մասին կարելի է անվերջ խոսել, սակայն այդ ամենը տեսնելու ու զգալու համար պարզապես պետք է բարձրանալ գագաթը ու ճանապարհին տեսնել ամբողջը: