2019 թ-ի 7 -րդ Համահայկական խաղերը Նինոծմինդայի մարզիկների համար նոր վերելքներ նվաճելու եւ բավականին մեծ ձեռքբերումների ճանապարհ էր:
Հիշեցնենք, որ Նինոծմինդան Համահայկական խաղերին հանդես եկավ հետեւյալ սպորտաձեւերով. Ֆուտբոլ (ֆուտզալային), սեղանի թենիս, լող, վազք, բազկամարտ եւ շախմատ:
Շախմատի մրցույթում փայլեց Դավիթ Սահակյանը` 6 հնարավոր միավորներից ստանալով 5 միավոր, արդյունքում 147 մարզիկների մեջ հայտնվեց լավագույն 10 -ում: Դավիթ Սահակյանի մարզիչ Յուրա Կույումչյանը նույնպես մասնակցում էր խաղերին եւ 6 հնարավոր միավորից ստացավ 4 միավոր:
Սաթխայի շախմատի խմբից մասնակցում էին երեք շախմատիստներ մարզիչ Ա.Սանոսյանի գլխավորությամբ:
Որոնք շախմատի խաղի ընթացքում տվեցին հետեւյալ արդյունքները. Արա Սանոսյանը՝ 6 հնարավոր միավորներից 4,5 միավոր, Սուրեն Սանոսյանը՝ 6 -ից 3 միավոր, Վահագն Սանոսյանը՝ 6 -ից 3 միավոր, ինչպես նաեւ Վահագնը 6 տուրից գրանցել է 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, եւ երկու պարտություն:
Հիանալի արդյունքներ գրանցեց նաեւ Նինոծմինդայի ֆուտզալի հավաքականը, խմբային փուլում մրցելով Ալավերդի, Փարիզ, Ղամշլի, Սպիտակ եւ Կահիրե թիմերի հետ:
Խմբային փուլ.
«Նինոծմինդա» – «Ալավերդի»` 9 : 1
«Փարիզ» – «Նինոծմինդա»` 1 : 4
«Նինոծմինդա» – «Ղամշլի»` 6 : 3
«Նիոծմինդա» – «Սպիտակ»` 9 : 4
«Կահիրե» – «Նինոծմինդա»` 3 : 1
Ձեռք բերելով 12 միավոր Նինոծմինդայի ֆուտզալի թիմը 1 -ին հորիզոնական է զբաղեցրել 4 -րդ խմբում եւ դուրս է եկել 1/8 եզրափակիչ` այսինքն 16 լավագույն թիմերի կազմ:
1/8 եզրափակչում Նինոծմինդայի հավաքականը 4 : 3 հաշվով (ավելացրած ժամանակում) պարտության մատնեց Ռոստովի Բելայա Կալիտվա թիմին եւ 1/8 -ից անցում կատարեց 1/4 եզրափակիչ, իսկ 1/4 -ում` մրցեց Տագանրոգ թիմի հետ, որտեղ ուժեղ պայքարից հետո պարտվեց 5 : 3 հաշվով:
Նինոծմինդայի սպորտ դպրոցի տնօրեն եւ թիմի ղեկավար Անդրանիկ Ղարսլյանի խոսքով` նմանատիպ արդյունք Նինոծմինդայի ֆուտբոլի(ֆուտզալի) թիմը դեռեւս չէր ունեցել: 48 թիմերից հայտնվելով լավագույն 8 թիմերի կազմում` դա արդեն հրաշալի ցուցանիշ է եւ մեծ հպարտություն Նինոծմինդայի շրջանի համար: Մեր հարցազրույցում Անդրանիկ Ղարսլյանը նշեց, որ տղաները հրաշալի խաղ ցույց տվեցին, շատերը աչքի ընկան թե անհատական վարպետությամբ եւ թե թիմային խաղում, իսկ Համահայկական խաղերի ֆուտզալի լավագույն խաղացող ճանավեց Նինոծմինդայի թիմից Լեւան Սվանիձեն:
Լեւան Սվանիձեն արդեն 10 տարի է Թբիլիսիում զբաղվում է ֆուտբոլով եւ եկրորդ տարին է ինչ խաղում է ֆուտզալում` ՊՍՊ թիմի կազմում, Լեւան Սվանիձեի խոսքով, ստանալով հրավեր Նինոծմինդայի կողմից մասնակցելու Համահայկական խաղերին անակնկալ էր, եւ շատ մեծ ուրախությամբ ընդունեց հրավերը ու տղաների հետ մեկնեց Երեւան: «Մեզ շատ լավ դիմավորեցին, մենք լավ ելույթ ունեցանք եւ սա ոչ միայն իմ ձեռքբերումն է, այլ մեր ընդհանուր թիմի, շնորհակալություն եմ հայտնում բոլորին»:
Համահայկական խաղերի աշախատակազմի անդամներից կամավոր Համբարձումյան Սիրանուշը մեզ հետ զրույցում պատմեց. «Համահայկական խաղերին մասնակցելու դրդապատճառներից մեկը այն էր, որ շատ էի ուզում սփյուռքահայերի հետ ծանոթանալ, որ իմացա Ջավախահայերի հետ պետք է լինեմ, այն էլ Նինոծմինդայի, շատ ուրախացա, ինձ համար շատ հետաքրքիր էր այդ ժողովրդի բարբառը: Շփվելով տղաների հետ` սկսեցի քիչ – քիչ սովորել բառերը: Ինձ ամենաշատը նրանց մեջ գրավում է թասիբն ու ջիգյարը: Նինոծմինդայի մարզիկների հետ ծանոթանալով ես հասկացա, որ նրանք շատ նպատակասլաց են եւ հստակ գիտեն, թե ինչ է պետք նպատակին հասնելու համար եւ դա փաստում են նրանց հաղթանակները»: