Հեշտիայի ջրաղացը երկար տարիների պատմություն ունի։
Ջրաղացը հեշտիացիներին հայտնի է որպես «Թուշի ջրաղաց» անվանմամբ: Գրիգոր (Թուշի) Գրիգորյանը, ում անունից առաջացել է ջրաղացի անվանումը, ապրել է 19-րդ դարի վերջին, ունեցել է երկու որդի եւ ջրաղացը կտակել է որդիներից Վանոյին, որը ժառանգաբար անցել է Վանոյի որդուն՝ Գեորգիին։ 1979թ -ին Գեորգին այն սկսել է շահագործել, որը ներկայումս վերջինիս թոռը՝ կրտսեր Գեորգին օգտագործում է կանոնավոր կերպով։
Ջրաղացի աշխատանքը հիմնականում սկսվում է օգոստոս ամսվա կեսերից, երբ կոմբայնը սկսում է հնձել գարու կամ ցորենի արտերը: Բնակիչներից Անզոր Մալխասյանը նշեց, որ Հեշտիայի ջրաղացը համարվում է հնություն և փոխանցվում է սերնդե – սերունդ։
Մալխասյանը իր ընտանիքի հետ միասին ամեն տարի օգտվում է ջրաղացից։ Նա նշում է, որ ցորենը ենթարկում են վերամշակման, ստանում ձավար, այնուհետեւ ձավարը օգտագործում են տարբեր ճաշատեսակներ պատրաստելու մեջ:
Ջրաղացի կողքին գործում է նաեւ գարու աղացը, որտեղ աղում են գարին, եւ ալյուրը օգտագործում որպես անասնակեր:
Ջրաղացից օգտվում են ոչ միայն Հեշտիայի, այլ նաեւ՝ հարակից գյուղերի բնակիչները: