ԱՄՆ Նյու Յորք նահանգի Կոռնելի համալսարանի գիտնականները կարագի ցածրկալորիական նմանակ են ստեղծել, որը գլխավորապես կազմված է ջրից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համալսարանի հայտարարությունը:
Քիմիկոսներին հաջողվել է մեծ քանակությամբ ջուրը վերափոխել՝ բուսական յուղ եւ կաթնաթթու հավելելով էմուլսիայի մեջ, որը կազմությամբ մոտ է կարագին: Այս արտադրանքը արհեստական կայունարարներ չի պարունակում եւ 75 տոկոսով ավելի քիչ կալորիական է, քան կարագը: Նմանակի մեկ ճաշի գդալը պարունակում է 2,8 գրամ ճարպ եւ 25,2 կկալ, մինչդեռ կարագի նույն քանակությունը պարունակում է 11 գրամ ճարպ եւ մոտ 100 կկալ:
«Մենք ստեղծել ենք կազմությամբ եւ համային որակով կարագին համադրելի արտադրանք»,- պնդում է հետազոտության առաջատար հեղինակ Ալիռեզա Աբասփուրադը:
Նրա խոսքով՝ քիմիկոսները կարող են փոխել արտադրանքի համը եւ այլ հատկանիշները: «Մենք կարող ենք ավելացնել կաթնային կամ բուսական սպիտակուցներ: Քանի որ ջուրը մասնիկներ է կուտակում, էմուլսիայի սննդարար հատկությունները փոխելու հնարավորություն կա. այն հագեցնել վիտամիններով կամ բուրավետ նյութեր ավելացնել: Սա միանգամայն նոր բանաձեւ է»,- կարծում է Աբասփուրադը:
Հետազոտության հեղինակներից Միշել Լին նշել է, որ տեխնոլոգիան, որը գիտնականներն օգտագործել են նմանակի ստեղծման համար, կարող է կարեւոր դերակատարում ունենալ առողջության համար օգտակար մթերքների նոր տեսակների ստեղծման գործում, որոնց պահանջարկը վերջին տարիներին զգալիորեն աճել է: