Վրացական Go Group Media կառույցի ղեկավար Մարգարիտա Ախվելիդիանին խիստ զարմացրել է իրեն Ադրբեջան չթողնելու հանգամանքը, որտեղ մեկնում էր թրենինգներ անցկացնելու նպատակով: Լրագրողին ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում՝ ապօրինաբար Լեռնային Ղարաբաղ այցելելու մեղադրանքով եւ արտաքսել երկրից:
Ըստ նրա՝ իր հետ ձերբակալվել էին նաեւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք եւս այցելել էին ԼՂՀ, սակայն նրանց ոչ մի բան չէին ասել:
«Ես «Հումանիտար հետազոտությունների ընկերակցությունների» ղեկավար Ավեզ Հասանովի հրավերով Բաքու էի մեկնել հարկադիր վերաբնակեցվածների եւ փախստականների համար թրենինգներ անցկացնելու: Սակայն անձնագրային ստուգում անցնել չհաջողվեց, ինձ պարզապես չթողեցին: Գրեթե մի ամբողջ օր անցկացրի օդանավակայանում, ընդ որում՝ ինձ ոչ մի բացատրություն չտվեցին:
Միայն հետո իմացա, որ Ադրբեջան չեն թողնում մտնել Ղարաբաղ կատարած այցելության պատճառով: Ղարաբաղ այցելելու ոչ մի կնիք անձնագրումս չկա: Ես լրագրող եմ, իմ մասնագիտական գործունեության ընթացքում կարող եմ գնալ այնտեղ, որտեղ ցանկանում եմ:
Ուշագրավ է, որ ինձ հետ եղած Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին ոչ մի բան չասացին: Ես ծանոթացել եմ Ադրբեջանի օրենսդրությանը, այնտեղ, ի տարբերություն Վրաստանի, Լեռնային Ղարաբաղ այցելելու համար պատիժ կամ պատժամիջոց չկա սահմանված», – ասել է Ախվելիդիանին, գրում է «Գռուզիա Online»-ը:
APA-ն հայտնում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է երկրից վրացի լրագրողին արտաքսելու փաստը: ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը կրկնել է նախկինում բազմիցս հնչած խոսքեր՝ առանց Ադրբեջանի պաշտոնական կառույցների հետ համաձայնեցնելու «գրավյալ» տարածքներ մուտք գործելու «անօրինականության» մասին, ինչը «անհարգալից» վերաբերմունք է Ադրբեջանի նկատմամբ եւ «Միջազգային իրավունքի նորմերի» խախտում:
news.am