G7-ի երկրների ղեկավարները որոշել են որպես օգնություն 20 մլն եվրո հատկացնել Ամազոնիայում հրդեհները մարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է TASS-ը, օգոստոսի 26-ին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բիարիցում G7-ի գագաթնաժողովում Չիլիի իր պաշտոնակից Սեբաստիան Պինյերայի հետ կայացած բանակցություններում:
Ավելի վաղ Բրազիլիայի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդու Սիլվան հայտնել է, որ երկրի իշխանությունները 44 հազար զինծառայողների են ուղարկել Ամազոնիայում մոլեգնող բնական հրդեհների դեմ պայքարելու համար: Մինչ այդ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր է ստորագրել, որն արտոնում է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին:
Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց մակերեսը 82 տոկոսով ավելի է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը: Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհներ. դա վատագույն ցուցանիշն է 2013 թվականից ի վեր:
Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել է լուրջ միջազգային ճգնաժամ և Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ: 1in.am