Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կոյուղագիծը վնասվել է Իսահակյան փողոցում

Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում կոյուղագիծը վնասվել է Իսահակյան փողոցում

Նինոծմինդա քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչները դիմել էին NOR ռադիոկայան՝ իրենց փողոցում ասֆալտապատման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները լուսաբանելու խնդրանքով:

Իսահակյան փողոցը քաղաքի այն փողոցներից է, որը տեղական բյուջեով նախատեսված է ասֆալտապատել այս տարի, սակայն ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելիս ասֆալտապատող խոշոր տեխնիկայի ծանրությունից փողոցի կոյուղագիծը վնասվել է:

Ներկայումս փողոցում ընթանում են հողի հավասարեցման աշխատանքներ, որոնց կհաջորդեն ասֆալտապատման բուն աշխատանքները:

Բնակիչները նշում են, որ կոյուղագծի վնասման պատճառը այն է, որ հին հողաշերտը շատ քիչ քանակությամբ է մաքրվել: ՛՛Այնքան արագությամբ են ասֆալտապատման աշխատանքները կատարում, բայց չէ որ այդքան արագությամբ չի կարելի ասֆալտապատել, մեկ տարուց ամբողջ ասֆալտը և կոյուղագծերը շարքից դուրս կգան՛՛,-նշեց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ կոյուղագծի վնասումից հետո սեփական միջոցներով գնել են նոր խողովակներ, որպեսզի վերականգնեն կոյուղու աշխատանքը: Բացի այդ, արդեն մի քանի օր է նաև զրկված են խմելու ջրից:

Խնդրի լուծման առնչությամբ մենք զանգահարեցինք ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերության ղեկավարին, ով նշեց.
՛՛Ես չգիտեմ հիմա ասֆալտապատում ենք իրականացնելու, թե կոյուղագիծ ենք վերանորոգելու: Նախագծով նախատեսված չէ անձրևատարներ և կոյուղագծեր վերանորոգել: Այնքան մակերեսային են տեղադրված կոյուղագծի խողովակները, այնինչ դրանք պետք է խորությամբ գտնվեին: Միևնույն է ասֆալտապատող մեքենան կանցնի, թե մեկ այլ խոշոր բեռնատար, այդ կոյուղագծերը շարքից դուրս են գալու խորությամբ չգտնվելու պատճառով: Ես այժմ կզանգեմ իմ տեղակալին, ով տեղում է աշխատում և կհորդորեմ անել ամեն բան, ինչ մեր ընկերության հնարավորությունների սահմաններում է՛՛: