Հեշտիայի թիվ 2 դպրոցը գազաֆիկացվել է: Դպրոցում արդեն տեղադրվել է եվրոպական չափանիշներին համապատասխան ջեռուցման համակարգ, որը աշխատելու է բնական գազով: Գազաֆիկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները դպրոցը կուտակել է տարիների ընթացքում:
Հեշտիայի աշակերտները, երկար ու ձիգ տարիներ սովորելով դպրոցում, որտեղ ջերմություն ապահովելու համար տարիներ շարունակ աթար, եղեւնու կոն են վառել , այս ձմեռ վերջապես հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից: Չնայած այն տարիներին ապրելակերպը դժվար է եղել, բայց միեւնույնն է «աթարի ու կոնի» ժամանակաշրջանում սովորած աշակերտների համար այդ տարիները շարունակում են մնալ հիշողությունների ու քաղցր հուշերի տարիներ:
Հիշեցնենք, որ 2010 թ -ից հետո սկսվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի գազաֆիկացումը: Նախքան ԽՍՀՄ -ի փլուզումը Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը ունեցել է ջեռուցման համակարգ, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ինչպես շրջանի բոլոր գյուղերի դպրոցները, այդ թվում նաեւ Հեշտիայի դպրոցը սկսեց շենքը տաքացնել վառարաններով:
Ինչպես նշեց ուսուցիչ Հ.Մարկոսյանը. «Անցյալն արդեն հետեւում է, կյանքը շարունակվում է և պետք է մտածել նաեւ մնացած խնդիրների մասին»: