Ջավախքում նշանավորվեց Սաթխայի հերոսամարտի 95-րդ տարեդարձը

Ջավախքում նշանավորվեց Սաթխայի հերոսամարտի 95-րդ տարեդարձը

Հունիսի մեկին Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում հանդիսավորությամբ նշվեց Սաթխայի հերոսամարտի 95-րդ տարեդարձը: 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին` Թուրքիայի հետ զինադադարի պայմանագիր կնքելուց հետո, ռուսական զորքերը սկսել են հեռանալ ռազմաճակատից` Նինոծմինդա շրջանից, իսկ հայերն ու վրացիները մնացել են մենակ` թուրքական հզոր բանակի դեմ, որը որոշ ժամանակ անց հարձակում է գործել` նպատակ ունենալով նվաճել ամբողջ Անդրկովկասը: Հենց այս հարձակումը կանխել են Սանթխայի, Ախալքալաքի, ողջ Ջավախքի հայերը, որոնց միացել են նաև տեղի վրացիները, և Սաթխայում մի քանի անգամ թշնամուն պարտության մատնելուց հետո, թուրք հրոսակներին ստիպել են հեռանալ տարածաշրջանից: Հունիսի 1-ը պաշտպանների տված վերջին ճակատամարտի օրն է: Այդ օրվան նվիրված միջոցառումը, որ հաստատվել է Վրաստանի անկախության տարիներին, 2003 թվականին հիմնադրել է Սանոսյան ընտանիքը՝ Արամ Սանոսյանի գլխավորությամբ: Ավանդական դարձած տոնական օրը կրկին բազմամարդ էր Սաթխայի հերոսամարտի հուշարձանի մոտ: Հավաքվել էին ինչպես Սաթխայի, այնպես էլ հարակից գյուղերի բնակիչներ, հյուրեր Թբիլիսիից և Վրաստանի այլ վայրերից: Միջոցառմանը իրենց ներկայությունն էին բերել Հայաստանից ժամանած հյուրերը: Հանդիսությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների, Ժողովրդական ժողովների ղեկավարներ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, այլ պաշտոնյաներ: Միջոցառումն սկսվեց գյուղի «Սուրբ Մեծն Ներսես» եկեղեցում հոգեհանգստյան արարողությամբ, որը հանդիսապետեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, մասնակցությամբ փոխառաջնորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի: Ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղվեցին հերոսամարտի հուշարձանի պատվանդանին, որից հետո սկսվեց տոնական հանդիսությունը: Այն վարում էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը: Խոսքով հանդես եկան պատմական գիտությունների թեկնածու Արտյուշա Սանոսյանը, արվեստի և մշակույթի գործիչներ, հյուրեր: Միջոցառման գեղարվեստական մասը ապահովել էին Նինոծմինդայի և Ախալքալաքի մշակույթի բաժինները՝ երգի-պարի խմբերի մասնակցությամբ: Հանդիսության ավարտին օրհնության խոսքով հանդես եկավ Վիրահայոց Թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա շնորհավորեց տոնը, բարձր գնահատեց Սանոսյան ընտանիքի ազգանվեր աշխատանքը և ոգեկոչեց նահատակների հիշատակը: Միջոցառման ընթացքում կազմակերպվել էին ձիարշավի, շախմատի մրցումներ, սպորտային այլ խաղեր: Հանդիսության ավարտին տեղի ունեցավ մատաղի օրհնություն և հյուրասիրություն:



Opinion, pooling and voting