Երբ ներկայացնում ես մայր բուհը, գլխավոր նպատակդ հաղթանակն է. Ջիվան Մկրտչյան

Երբ ներկայացնում ես մայր բուհը, գլխավոր նպատակդ հաղթանակն է. Ջիվան Մկրտչյան

«Մարդը միայն այն ժամանակ է հասնում նպատակին, երբ հավատում է, որ ունի համապատասխան ուժ»,- գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Անդրեաս ֆոն Ֆոյերբախի աֆորիզմը մեջբերելով իր հերթական հաղթանակի մասին է պատմում Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Ջիվան Մկրտչյանը:

Ջիվանի անունը մայր բուհի` Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի կայքէջում հաճախ է հայտնվում․ դեռ առաջին կուրսում ստանձնել էր ԹՊՀ բանագնացներից մեկի պարտականությունները. ծննդվայրի` Նինոծմինդայի Փոկա գյուղի դպրոցներում ներկայացնում էր համալսարանը, ինչպես նաև ուսանողական ինքնակառավարման անդամ էր, ակտիվորեն մասնակցում էր տարբեր մրցույթների ու գիտաժողովների:

Այս անգամ պատվավոր առաջին հորիզոնականին թիմակից Զվիադ Օնիանիի հետ արժանացել են «Ազատ զարգացման և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «խորհրդարանական հանձնաժողովների քննարկումների իմիտացիա» խորագրով նախագծի ընթացքում:

Նախագիծն իրագործվել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում: Մրցույթին մասնակցել են Վրաստանի մասնավոր և պետական բուհերի ուսանողներն ու շրջանավարտները: Նախագծի շրջանակներում նրանք պետք է օրինագծեր կազմեին՝ ուղղելով ընտրական օրենսգրքում եղած խախտումները:

Ջիվանն ու թիմակիցը միակն են եղել կազմված թիմերից, որտեղ 2 մասնակից է եղել, մնացած բոլոր թիմերը կազմված են եղել 4 մասնակցից: 3 փուլը հաջողությամբ հաղթահարելով, ԹՊՀ-ի ուսանողները հաղթանակ են տարել նաև եզրափակչում։ Ջիվանն ասում է՝ մայր բուհի ուսանող լինելը պարտավորեցնում էր հաղթել:
«Մեզ համար ամենակարևոր պահը արդյունքները հայտարարելու արարողությունն էր, երբ ժյուրին մեր նախագիծը գնահատեց որպես լավագույն օրինագիծ և պարզվեց, որ զբաղեցրել ենք առաջին տեղը: Շատ ուրախացանք, որովհետև ներքին խոստումն էինք իրականացրել, որ բոլոր ուսանողներն ունեն համալսարանի առջև»,- ասում է Ջիվան Մկրտչյանը:aliq.ge