Գորելովկա գյուղում արագիլի բույնը տեղափոխեցին դպրոցի վերանորոգչական աշխատանքների պատճառով

Գորելովկա գյուղում արագիլի  բույնը տեղափոխեցին դպրոցի վերանորոգչական աշխատանքների պատճառով

Սեպտեմբերի 6-ին Գորելովկա գյուղում Նինոծմինդայի քաղաքապետարանը անցկացրել է արագիլի բնի տեղափոխման աշխատանքներ: Գորելովկա գյուղում ավարտին են մոտենում թիվ 3 դպրոցի վերանորոգման աշխատանքները: Դպրոցի տանիքին արագիլները արդեն 5 տարի է, ինչ բույն են հյուսել, որը խանգարում էր դպրոցի այդ հատվածի վերանորոգչական աշխատանքներին:

Արագիլի բնի տեղափոխման աշխատանքներին ներկա էին ՛՛Ջավախեթի՛՛ ազգային պարկի ներկայացուցիչը, Իլյա անվան համալսարանից մեկ հետազոտող և դասախոս, ինչպես նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը:

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ դպրոցի վերանորոգման աշխատանքների հետ կապված քաղաքապետարանը դիմել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը, որտեղից ստացել են պատասխան, որ դպրոցի այդ հատվածի վերանորոգումը պետք է կատարվի այն ժամանակ, երբ արագիլը կչվի տաք վայր: Բայց քանի որ մոտենում է ուսումնական տարին և այդ դասասենյակը, որի տանիքին գտնվում է արագիլի բույնը, պետք է վերանորոգվի, քաղաքապետը երկրորդ նամակն է գրել նախարարությանը և ստացել պատասխան, որ արագիլի բույնը կարելի է տեղափոխել այլ համապատասխան վայր:

“Արագիլի բույնը գտնվում է այն դպրոցի տանիքի վրա, որում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Արագիլը գրանցված է Վրաստանի Կարմիր գրքում: Ըստ օրենքի, արագիլի նկատմամբ արգելված է որևէ վտանգավոր քայլ իրականացնելը: Արագիլի բույնը կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, երբ թռչունը ավարտում է բնադրումը: Այս դեպքում լավագույն քայլը կլինի վերանորոգչական աշխատանքներից հետո կրկին բույնը իր տեղը վերադարձնելը,-նշեց Իլիայի պետական համալսարանի հետազոտող-դասախոս Զուրա Ջավախիշվիլին:

Սպիտակ արագիլները բնադրում են իրականացնում Ջավախքում և Քվեմո Քարթլիում: Ջավախքում ամենաշատը արագիլներ բնադրում են Գորելովկա գյուղում:

Շինարարները արագիլի բույնը տեղափոխեցին դպրոցի տանիքի վերանորոգված հատվածի վրա: Ներկաները նշեցին, որ հնարավոր է արագիլի շարունակի նստել նոր վայր տեղափոխած բնում: