Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:
«Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել է 6 բալ, որ հաղորդում են 7, կոորդինատները եղել են 41,1 և 43,94: Դա մի քիչ չափազանցված է, Գյումրիում՝ 4 բալ, Ամասիայում և Աշոցքում՝ 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում և Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում»,- SHANTNEWS.am-ին հայտնել է Գյումրու տարածքային սեյսմիկ անվտանգության և պաշտպանության ծառայության պետի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը:
Սեյսմոլոգը նաև տեղեկացրել է, որ նախապես կայանում որևէ նախազգուշացնող նշան չի գրանցվել, ուժեղ ցնցումը եղանակի կտրուկ փոփոխության հետ կապ չունի, իսկ դղրդոցը կապված է ցնցումների տեսակի հետ:
«Եթե ցնցումն ուղեկցվում է ձայնով, դա բացատրվում է ստորգետնյա կոշտ ապարների փշրվելով, որը, ըստ երևույթին, այս դեպքում եղել է, ու մարդիկ լսել են նաև դղրդոց»,- ավելացրել է Սերգեյ Նազարեթյանը։
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ամասիայում ու Աշոցքում երկրաշարժին հաջորդում են հետցնցումները։SHANTNEWS.am