Երկրաշարժի հետցնցումների քանակը զգալի նվազել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Գիշերվա ընթացքում երկու թույլ ցնցումներ ենք ունեցել նույն օջախում, իսկ հետցնցումների քանակը զգալի նվազել է, ինչը մասնագետների գնահատմամբ կայուն վիճակ է եւ ցույց է տալիս որ օջախի էներգիան նման կերպ պարպվում է»,-նշել է նա:
Ավելի վաղ մարզպետը տեղեկացրել էր, որ առաջին ցնցումից մինչեւ 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան եւ այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։
«Ըստ մարզպետարանում ունեցած մեր խորհրդակցության արդյունքների Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք։ Սա բոլորիս համար զգոնության եւ նախապատրաստված լինելու եւս մեկ լուրջ ազդակ էր», գրել էր նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 եւ արեւելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում:news.am