Կլիմայի փոփոխությունները կարող են հանգեցնել հողի՝ ջրի կլանման կարողության նվազմանը։ Արդյունքում՝ կնվազի դրա արգասաբերությունը, կկրճատվեն ստորգետնյա ջրերի պաշարները, իսկ էկոհամակարգերին կհասցվի լրացուցիչ հարված, տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Science Daily-ին։
Այս եզրակացության հիմքում ընկած են բազմամյա փորձի արդյունքները, որն անցկացրել է գիտնականների թիմը՝ Ռատգերի համալսարանի մասնագետների գլխավորությամբ։ 25 տարվա ընթացքում նրանք արհեստականորեն ոռոգել են մի տեղամաս Կանզասում, որպեսզի հայտնաբերեն կապը տեղումների եւ հողի՝ ջուրը կլանելու հատկության միջեւ։
Պարզվել է, որ տեղումների մակարդակի ավելացումը 35 տոկոսով իջեցնում է ջրի ինֆիլտրացման մակարդակը հողում 21-33 տոկոսով։ Հողի մեջ թափանցելու փոխարեն խոնավությունը պարզապես հոսում է նրա մակերեսով։
Դա տեղի է ունենում հողի մեջ մեծ խոռոչների անհետացման պատճառով։ Դրանք ավելի մեծ քանակությամբ խոնավություն են պահում, իսկ հետո այն օգտագործում են բույսերն ու միկրոօրգանիզմները։ Սակայն առատ տեղումները ստիպում են բույսերին ավելի հաստ արմատներ նետել, որոնք փակում են այդ խոռոչները։Կանխատեսումների համաձայն՝ գլոբալ տաքացումը կհանգեցնի տեղումների մակարդակի աճի մոլորակի որոշ շրջաններում։ Դա նշանակում է, որ դրանք կարող են բախվել հողում խոնավության պակասի հետ։ Կտուժեն ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ բնական էկոհամակարգերը։ Բացի այդ, ամայացած հողը կարտազատի իր մեջ պահված ածխածինը՝ դրանով իսկ ուժգնացնելով կլիմայական փոփոխությունները։ news.am