ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ստորագրել է Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերի Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրի մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Նշենք, որ մամուլին հայտնի է դարձել, որ հրաժարական են տալու ուժային բոլոր կառույցների ղեկավարները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հայտարարելով, որ իշխանության գործելաոճը «ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։ news.am