Վրաստանի նախագահը ներում է շնորհել մարդասպաններին

Վրաստանի նախագահը ներում է շնորհել մարդասպաններին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից 3 մարդասպանի ներում շնորհելը: Օգոստոսի 28-ին սպանության համար մեղադրված 3 անձ լքել է կալանավայրը:

Զուրաբիշվիլին  հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դատապարտվածների համաներման վերաբերյալ մորատորիումի մասին եւ այդ հարցով աշխատանքային խումբ ձեւավորել խորհրդարանում:

«Առաջին հերթին, ցանկանում եմ ասել, որ համաներումը նախագահի դիսկրեցիան է, սակայն ինձ համար անընդունելի է մարդասպանին ներում շնորհելը, հատկապես՝ ոստիկանի մարդասպանին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գախարիան:

Վարչապետը դրական է գնահատել նախագահի կողմից մորատորիումի հայտարարումը՝ համաձայնվելով, որ համաներման գործընթացն անհրաժեշտ է փոխել:

«Իհարկե, օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, ինչի մասին վկայում է մորատորիում հայտարարելու նախագահի ձեռնարկած քայլը: Դա պետք է խորհրդարանում քննարկման առարկա լինի, եւ, իհարկե, պետք է որոշակի զտիչներ տեղադրվեն, որպեսզի համաներման ներքո չհայտնվեն մարդիկ, որոնք մեղավոր են լուրջ հանցանքների, հատկապես սպանության համար»,- ասել է Գախարիան:

Միեւնույն ժամանակ, ընդդիմությունն առաջարկում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչու է նախագահը ներում շնորհել մարդասպաններին:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Ելենա Խոշտարիան չի բացառում, որ այդ գործում կան կոռուպցիայի եւ ընտանեվարության նշաններ:

«Այսօր ակնկալվում էր, որ ճեպազրույցի ժամանակ նախագահը կհայտարարի եւս մեկ մարդասպանի ներում շնորհելու մասին, սակայն բացատրությունների փոխարեն գործընթացը դադարեցվեց: Ինչո՞ւ պետք է մարդիկ զոհաբերվեն նախագահի անպատասխանատվության պատճառով: Նա չհիմնավորեց իր որոշումը: Անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Խոշտարիան:

«Խնդիրը համակարգի մեջ չէ. նախագահը կարող է ներում շնորհել՝ ում ցանկանում է, սակայն հանրության շրջանում հարց է առաջանում՝ ինչու պետք է նման որոշումը վիրավորի հարազատներին կորցրած ընտանիքներին: Պատասխանը կարող է մեկը լինել՝ կամ դու շատ կոշտ ես, կամ ինչ-որ հետաքրքրություն ունես: Այլ բացատրություն չի կարող լինել: Նա պետք է խոսի հենց այդ մասին, այլ ոչ թե ինչ-որ համակարգի: Ես չեմ կարող որեւէ այլ շարժառիթ պատկերացնել, եթե չկան կոռուպցիայի եւ ընտանեվարության նշաններ»,- հավելել է պատգամավորը:   news.am