Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշմամբ՝ հունիսի 7-ը երկրում սգո օր է հայտարարվել:
Աֆղանստանում նախօրեին վրացի զինծառայողների մահվան լուրն իմանալուց հետո Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդհատել է իր պաշտոնական այցը Բրյուսել և ուղևորվել Աֆղանստան։
«Երբ Պաշտպանության նախարարն իմացավ Հելմանդ նահանգում գտնվող վրացական բազայում կատարված ահաբեկչության մասին, նա պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում։ Նախարարը որոշում է կայացրել ընդհատել այցն ու ուղևորվել Աֆղանստան»,- հայտնել է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Գեգա Մգալոբլիշվիլին։
Նրա խոսքով՝ ահաբեկչության իրականացման պահին Ալասանիայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջև հանդիպումն ավարտված է եղել։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով մահացել է 7 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։ Վիրավորները տեղափոխվել են Կենտրոնական հոսպիտալ և գտնվում են 24-ժամյա հսկողության տակ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
tert.am