Սեռային իրավահավասարության ընկալումը Նինոծմինդայում

Սեռային իրավահավասարության ընկալումը Նինոծմինդայում

Նինոծմինդայի մունիցիպալիտետում սեռային իրահավասարությանը վերաբերող հարցերում նկատվում է որոշակի առաջխաղացում, սակայն սոցիալական դերերի բաժանման հարցերում տղամարդիկ կանանց հավասար չեն համարում, չնայած այդ հանգամանքից նինոծմինդացի կանայք դժգոհ էլ չեն:

Մունիցիպալիտետում դեռևս առկա են այնպիսի կարծրատիպեր, որ կանայք պետք է աշխատեն միայն դպրոցներում, մանկապարտեզներում և հիվանդանոցում: Մեր տարածաշրջանում մասնագիտությունները դեռևս սեռային բաժանում ունեն:

Նինոծմինդայի բնակչուհի 59-ամյա Արուսյակ Արոյանը 9 տարի է աշխատում է ռեստորանում: Արուսյակը գտնում է, որ կինը կարող է չաշխատել այն դեպում, երբ ամուսինը ունի աշխատանք:

“Մեր ամուսիններն ու որդիները գնում են արտագնա աշխատանքի՝ Ռուսաստան, իսկ այնտեղ չկա աշխատանք, փոխարենը մենք ենք տեղում ինչ-որ բան փնտրում, որ աշխատենք ու տունը պահենք: Տեղում էլ աշխատանք տղամարդիկ չեն կարող գտնել և մեկնում են դուրս ու շատ անգամ դա ընտանիքներ է քանդում: Ղեկավարությունը ուշադրություն չի դարձնում: 12-13տարեկան երեխաները բեռներ են տեղափոխում, իսկ հետո հիվանդանում: Եթե ծնողներն աշխատանք ունենան, երեխաները ստիպված չեն լինում աշխատել: Նման դեպքերում կնոջ համար աշխատանքի բնույթը կարևոր չէ: Ես աշխատում եմ ռեստորանում՝ որպես խոհարար, առավոտյան ժամը 9-ին գնում եմ աշխատանքի, իսկ երեկոյան 10-ին վերադառնում եմ տուն: Բայց եթե ամուսինս տանը լիներ ու աշխատեր, ես չէի աշխատի ու կզբաղվեի տան գործերով: Ավելի երիտասարդ կանայք ուզում են, որ իրեն ամուսինների նման աշխատանք ունենան, մեքենա վարեն: Սակայն մեր հասարակության մեջ այնքան էլ միանշանակ չի ընդունվում կանանց կողմից մեքենա վարելը: Իմ աշխատավայրին ես վերաբերում եմ, ինչպես մեր տանը, իսկ հաճախորդներին՝ որպես մեր հյուրերի: Ինչ վերաբերում է կողմնակի խոսակցություններին, ես կարծում են, որ դա մարդկային հետադիմական մտածելակերպի արդյունք է՛՛:

Այսօր էլ շատ ընտանիքներում աղջիկների փոխարեն ծնողներն են կատարում մասնագիտության ընտրություն, և դա շատ անգամ կատարվում է ելնելով այն հանգամանքից, որ հետագայում աշխատանքային կոլեկտիվում մեծ թվով կանայք աշխատեն:

Թորիա գյուղի բնակիչ Տարիել Սեխլյանի խոսքով, տղամարդը պետք է ավելի բարձր կանգնած լինի, սակայն չպետք է չարաշահի իր դիրքը կնոջ նկատմամբ:

Սեռային հավասարությունը կնոջ և տղամարդու հավասարությունն է սոցիալական բնույթի հարցերում, հատկապես կրթություն ստանալու, աշխատելու, ֆինանսապես կախվածություն ունենալու գործում: Շատերը այս թեմայի շուրջ սխալ պատկերացում ունեն, կարծելով, որ դա կնոջ և տղամարդու կենսաբանական հավասարությունն է: Նման մտածելակերպի պատճառը թերի իրազեկվածությունն է: