2019 թվականի առաջին կիսամյակի համաձայն` Վրաստանում մահացությունը գերազանցում է ծնելիության մակարդակը: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Վրաստանում այս տարվա վեց ամիսների ընթացքում ծնվել է մոտ 23 հազար երեխա: Տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ավելի քան 24,5 հազար մահ: Նորածինների մեծ մասը ծնվել է Թբիլիսիում` ավելի քան 7,5 հազար: Վրաստանի մայրաքաղաքն առաջին տեղում է նաև մահացության ցուցանիշով` վեց ամսվա ընթացքում մահացել է ավելի քան 6,4 հազար մարդ:
Ըստ «Сакстат»-ի` այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանում բնակչության բնական աճ նկատվել է միայն Թբիլիսիում և Աջարիայում: Նույն աղբյուրի հավաստմամբ` երկրի մեծ մասում մահացության մակարդակը գերազանցել է ծնելիության մակարդակը:
2014 թվականի մարդահամարի տվյալներով` Վրաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն 718 հազար 200 մարդ: Այս ցուցանիշը 15 տոկոսով պակաս է 2002-ի երկրի բնակչության թվաքանակից: