Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հունիսի 11-ի երեկոյան երկրորդ անգամ է Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Օրակարգի գլխավոր հարցերն են եղել հունիսի 6-ին Աֆղանստանում վրացի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումը եւ Թալիբան շարժման անունից տարածված սպառնալիքներ պարունակող տեսագրությունները:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կրկին չի մասնակցել նիստին:
ԱԱԽ-ի նիստին մասնակցել են ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նիստին ներկա են եղել նաեւ Վրաստանի Զինված ուժերի Միասնական շտաբի պետ Իրակլի Ձնելաձեն, ԱԱԽ-ի քարտուղար Գիգա Բոկերիան, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիդ Բաքրաձեն եւ Ազգային շարժման փոխխոսնակ Գիա Բարամիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրո Բարնովը:
ԱԽ-ի նիստը բացելով` Սահակաշվիլին հայտնել է, որ թեեւ երկրում իշխանության մոտ գտնվող ուժերի տարբերություններին, «մենք չենք կարող տարբեր տեսակետներ ունենալ հիմնական հարցերում` մեր երկրի անկախությունը, անվտանգությունը, մեր երկրի պաշտպանվածությունը կարեւոր է բոլորիս համար»:
«Հուսով եմ, որ մենք հենց այդ ոճով էլ կաշխատենք, հուսով եմ, որ հաջորդ հանդիպումներն ավելի ներկայանալի կլինեն, քանի որ մեր անձնական շահերից վեր է մեր երկիրը եւ նրա շահերը», – նշել է Սահակաշվիլին: Նրա ելույթի տեսագրությունը տարածել է նախագահի աշխատակազմը, տեսագրության մեջ խոշոր պլանով ցույց է տրվել Իվանիշվիլիի համար նախատեսված տեղը, որը դատարկ էր, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
news.am