Արդեն 8-9 օր է՝ Վերին Լարսում խցանումներ են, ինչի պատճառով հսկայական հերթեր են։ Հարյուրավոր բեռնատարներ՝ բեռնված տարբեր մթերքներով և այլ բեռներով, չեն կարողանում հատել սահմանը։ Ընդհանուր առմամբ անցակետը բաց է, սակայն խցանումներն առաջացել են այն պատճառով, որ անցակետում մեքենաների բեռների ծանրաբեռնվածությունն են ստուգում, որը վերջին օրերին ավելի մանրակրկիտ է արվում։ Հայ վարորդների խոսքով՝ անցակետում ստեղծված դժվարությունները արհեստականորեն են ստեղծվել, որպեսզի վարորդներից հավելյալ գումար կորզեն: Ըստ նրանց՝ ռուսական կողմը այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթում վարորդներից.
«Արհեստական ձևով ռուսը խոչընդոտներ ա ստեղծում մեզ համար։ Ճիշտ ա, մյուսներից էլ են փող ուզում, բայց շեշտը մեզ՝ հայերիս վրա ա դրված։ Հիմնական պատճառաբանությունը բեռների քաշն ա։ Բայց Վրաստանից անցնում ենք, սաղ նորմալ ա լինում, ասենք՝ ցորենով բեռնված մեքենան պետք է 40 տոննա քաշ ունենա, 40 տոննայով գալիս հասնում ենք Լարս, ասում են՝ պերեգրուզ ա, բարձրացնում են կշեռքին, ինչ թիվ ուզում խփում են ու ասում են՝ պերեգրուզ ա, եթե ուզում եք անցնեք, պետք ա 100-125 հազար ռուբլի փող տաք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց Լարսի անցակետից նոր վերադարձած վարորդներից մեկը։
Նրա խոսքով՝ երբ իրենք անցակետի ռուս աշխատողներից հաշվեհամար են պահանջում, որպեսզի այդ գումարը փոխանցեն, պարզվում է, որ հաշվեհամարը պետական որևէ գերատեսչության հաշվեհամար չէ, այլ պարզապես մասնավոր, ինչ-որ մեկի բանկային հաշվեհամարը։
Վարորդի խոսքով՝ երբ իրենք հրաժարվում են վճարել այդ գումարը և պահանջում են ակտ կազմել՝ իբրև թե հայտնաբերված խախտման համար, մաքսատան աշխատողները հրաժարվում են ակտ կազմել, քանի որ հետո այն կարող է վիճարկվել, և պարզվի, որ այն օրինական չէ։ 1in.am