Սերգեյ Մինասյան. Վրաստանի նոր իշխանությունները կփորձեն նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ

Սերգեյ Մինասյան. Վրաստանի նոր իշխանությունները կփորձեն նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ

Վրաստանի հետ կապված ամենակարեւոր սպասումները կապված են հոկտեմբերի հետ, երբ ավարտվում է Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության երկրորդ ժամկետը: Այս մասին հունիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Վրաստանի նոր իշխանություններն ավելի ազատ կլինեն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարցերում: «Հայաստանի համար շատ կարեւոր , որ նոր իշխանության գալուց հետո մի փոքր բարելավում է նկատվում ռուս-վրացական հարաբերություններում, սակայն դա չի նշանակում, որ Վրաստանի արտաքին քաղաքական վեկտորը կփոխվի: Հակառակը, այդ երկրի քաղաքականությունը շարունակվում է նույն ոգով»,-ասաց Մինասյանը՝ հավելելով, որ Վրաստանի արտաքին քաղաքականությունը ավելի մեղմ, զգուշավոր եւ պրագմատիկ կդառնա:

Նա նաեւ ընդգծել է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի օգտագործի այն վտանգավոր գործիքը, որն օգտագործում էր Սահակաշվիլին՝ փորձելով տեղի ու անտեղի սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Վրաստանի նոր իշխանությունները կշարունակեն զարգացնել հարաբերությունները ինչպես Եվրոպայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ, բայց նրանք կփորձեն վերականգնել նորմալ հարաբերությունները նաեւ Ռուսաստանի հետ: Ընդ որում, դա բոլորովին չի նշանակում, որ կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները, քանի որ գոյություն ունեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները»,-ընդգծեց քաղաքագետը:
news.am



Opinion, pooling and voting