Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է «Վրաստանի քաղաքացիության մասին» օրգանական օրենքում փոփոխությունները: Փոփոխության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար դիմելու վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Հայտնում են նախագահի աշխատակազմից:
Վրաստանի այն քաղաքացիները, որոնք այլ երկրի քաղաքացիություն ստանալով կանգնել են վրացականը կորցնելու վտանգի առջև, կարող են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հարցով դիմել Արդարադատության տուն։
2018 թվականին «Վրաստանի քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում երկրի քաղաքացիները երկքաղաքացիություն ունենալու իրավունք ստացան՝ արդեն այլ երկրի քաղաքացիություն ունեցողները, ինչպես նաև այլ երկրի քաղաքացիության համար դիմողները այդ մասին պարտավորվելով տեղեկացնել Վրաստանի արդարադատության նախարարությանը։
Այսպիսով Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար Արդարադատության տուն դիմելու ժամկետը երկարաձգվել է: Նախկին` 2019-ի օգոստոսի 15-ի փոխարեն, ցանկացողները կարող են դիմել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հիշեցնենք՝ 2017-ին Վրաստանի խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ էր ընդունել՝ այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում արգելելով Վրաստանի քաղաքացիությունից զրկելը:
Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու հարցով ծառայությանը դիմելու համար պետք է վճարել 250 լարի: Նշված ժամկետից հետո քաղաքացին այլևս չի կարողանա քաղաքացիության պահպանման պահանջով դիմել պետությանը և կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը:
Այս մասին ավելի մանրամասն ստորև հղումով՝
Վրաստանի քաղաքացիություն. ստանալու, պահպանելու կամ վերականգնելու ճանապարհներըAliq.ge