Աշխարհի տեխնոլոգիական սիրտը բաբախում է Հայաստանում։ ՏՏ ոլորտի խոշորագույն համաժողովի՝ «WCIT 2019»-ին զուգահեռ հոկտեմբերի 6-9 «Երևան Էքսպո» կենտրոնում (Մերգելյան) տեղի է ունենում «DigiTec Expo 2019»-ը, որը ևս նպատակ ունի բացահայտել և աշխարհին ցույց տալ Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու փայլուն ապագան, գրում է Jah.am-ը։
«DigiTec Expo 2019»-ի շրջանակներում իրենց աշխատանքներն են ներկայացնում նաև «ԱրՄաթ» ինժիներական լաբորատորիաների սաները։ Երեխաների կողմից նախագծված և արդեն կյանքի կոչված սմարթ հայելի, ավտոմատացված ջերմոց, անօդաչու թռչող սարք, լազերային հարթաչափ, խելացի տուն, երաժշտական հավելված ու զանազան գործողություններ իրականացնող ռոբոտներ։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նորարարական ոլորտում իրենց առաջին քայլերն անող տաղանդավոր երեխաների համար այս ցուցահանդեսը գործնական կապեր հաստատելու և միջազգային համագործակցության լայն հնարավորություն է։
«DigiTec Expo 2019»-ին ներկա էին նախարարներ ու գործարարներ աշխարհի շուրջ 20 երկրից։ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում պայմանագիր ստորագրվեց կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն, Եթովպիա և Աֆղանստան արտահանելու մասին։
Հյուրերին ու այցելուներին իրենց աշխատանքները ցուցադրեցին նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից հիմնադրած Ախալքալաքի (բարերար Ավետիս Բալոյան) և Հեշտիայի («Կարիտաս Վրաստան»-ի ֆինանսավորմամբ) «ԱրՄաթ» լաբորատորիաների սաները: Վերջիններս ներկայացրեցին «Raeeod» երաժշտական հավելվածը, որը կատարելագործվելու դեպքում կծառայի նաև որպես սոցիալական ցանց և գումար վաստակելու հարթակ, ինչպես նաև՝ գյուղատնտեսական աշխատանքները հեշտացնելու նպատակով, էլեկտրական եղանակով ինքնակառավարվող մեքենայի մանրակերտ:
Հայաստանում ՏՏ ոլորտի ապագան հուսալի ձեռքերում է: