Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանիի հանդեպ Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Նա մեղադրվում է իր օգնական Թամթա Թոդաձեի հանդեպ սեռական բռնություն գործադրելու և ծեծի ենթարկելու մեջ:
Ջիշկարիանիի հանդեպ քրգործը հարուցվել է քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի, «Բ» ենթակետի և 126-րդ հոդվածի առաջին կետերի հատկանիշներով: Առաջին հոդվածը ենթադրում է 11-15 տարվա ազատազրկում, իսկ երկրորդը` 120-160 ժամ հանրության համար օգտակար աշխատանքով, կամ տնային կալանք` 0.5-1 տարվա ժամկետով:
Ի՞նչ է պատմում տուժածը
Ենթադրաբար բռնության զոհը պատմում է, որ Ջիշկարիանին փորձել է սեռական ոտնձգություններ կատարել իր հանդեպ և երբ կարողացել է փախչել, նրան բռնել է և ծեծի ենթարկել: Բացի դրանից, Թամթա Թոդաձեն պատմում էր, որ ոստիկանությունը մի քանի ժամ ուշացումով է հասել դեպքի վայր: Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել ցերեկը ժամը 4-ին, իսկ ոստիկանությունը տեղ է հասել միայն գիշերը 3-ին:
Այս ամենը հայտնի դառնալուց հետո, Ջիշկարիանին լրատվամիջոցների հետ կապի դուրս չի եկել: Միայն ասել է, որ իրեն լավ չի զգում և չի կարող մեկնաբանություն տալ: Թոդաձեի մայրը պատմում է, որ Ջիշկարիանիի ընկերը կապի է դուրս եկել նրա հետ, առաջարկել է հաշտվեն:
Ինքը` Թոդաձեն, «Մթավարի» հեռուստաալիքի եթերից հոկտեմբերի 6-ին առաջին անգամ էր խոսել այս մասին: Թեև պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Թամթա Թոդաձեին դատախազությունը տուժածի կարգավիճակ է տվել միայն հոկտեմբերի 8-ին:
Ո՞վ է Ջիշկարիանին
Իլիա Ջիշկարիանին ծնվել է 1965 թվականին: Աովորել է Թբիլիսիի պետական համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցում, այնուհետև Վրաստանի տեխնիկական համալսարանում: 1983-1990 թվականին աշխատել է որպես ինժեներ, 1991-2001 թվականներին` գյուղատնտնեսության նախարարության որակի վերահսկողության բաժնի փոխտնօրենն է եղել: 2001 թվականից զբաղվել է մասնավոր բիզնեսով, իսկ 2014 թվականից մինչ օրս հանդիսանում է Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ` Իսանի-Սամգորի մեծամասնական ընտրատարածքից: Այս ընտրատարածքի կազմում է նաև հիմնականում հայերով բնակեցված Էլիան և Հավլաբարը: Հատկանշական է, որ Ջիշկարիանիի նախընտրական քարոզարշավին մասնակցել են Վրաստանի հայ համայնքի մի շարք կարկառուն դեմքեր:
Սա, թերևս, Վրաստանի հայերի հետ առնչություն ունեցող նմանատիպ եզակի գործը չէ: Ախալքալաքիի և Նինոծմինդայի խոշորացված մեծամասնական ընտրատարածքի պատգամավոր Հենզել Մկոյանը սույն տարվա ամռանը մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ: Նինոծմինդայի միացյալ մանկապարտեզների տնօրեն Նարինե Գինոսյանը պնդում է, որ պատգամավորը նրան բազմիցս է առաջարկել սեռական հարաբերություններ ունենալ, նրան սպառնացել բռնաբարությամբ և ոչնչացամբ: Թեև, երբ հրաժարվել է, նրա հանդեպ գործ են հարուցել: Գինոսյանը և նրա հաշվապահ Անժելա Ֆուտուլյանը մեղադրվել են գումարի յուրացան մեջ, թեև Ախալցիխեի շրջանային դատարանը նրանց 9 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակել: Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին:
Հենզել Մկոյանը հերքում է իր հանդեպ հնչեցված մեղադրանքները և այս ամենի հետևում տեսնում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ձեռագիրը: Դատախազությունը գործ չի հարուցել: Գերատեսչությունից Netgazeti պարբերականին հայտնել են, որ «հանցանքի նշաններ չկան, հետևաբար գործ չի հարուցվել»: Միայն նշել են, որ Նարինե Գինոսյանը հարցաքննվել է:aliq.ge