Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Լազիկա նավահանգիստն ապագայում կդառնա գլխավոր նավահանգիստը, որով Ասիայից Եվրոպա բեռներ կտեղափոխվեն։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, այդ մասին նա հայտարարել է վրացական բուհերի ուսանողների հետ հանդիպման ընթացքում։
«Եթե մենք ցանկանում ենք փրկվել, ապա պետք է կամ շատ ուժեղ երկիր լինենք, կամ մեր զարգացման համար մեծ խնդիրներ կառաջանան։ Քանի որ մեր զավթիչը նստել ու սպասում է, թե երբ մեր երկիրը միջազգային հանրության համար այլևս չի ունենա որևէ նշանակություն, որպեսզի կուլ տա և մարսի»,-ասել է Սաակաշվիլին։
Անդրադառնալով նրանց, ովքեր չեն հասկացել, թե ինչու է ինքը նախաձեռնել Լազիկա քաղաքի կառուցումը, Սաակաշվիլին ասել է, որ այն ոչ թե պարզապես քաղաք, այլ նավահանգիստ պետք է դառնա։
«Դա պետք է լինի առաջնային նավահանգիստ, որով բեռներ կտեղափոխվեն Ասիայից Եվրոպա։ Վրաստանում նաև կառուցվում է ամենախոշոր երկաթուղային նախագծերից մեկը, կա խոշոր զբոսաշրջային կենտրոն, սակայն գլխավորը, որը պետք է լինի Վրաստանում, կրթությունն է, գիտելիքն ու ինտելեկտը»,-ասել է Վրաստանի նախագահը։
tert.am