Թբիլիսիի քաղաքային դատարանում հունիսի 19-ին սկսվել են Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի գործով նախնական լսումներ: Վերջինս մեղադրվում է ունեցվածքի յուրացման եւ փողերի լվացման մեջ:
Քաղաքապետի դատապաշտպանը լրագրողների հաղորդել է, որ պաշտպանող կողմը պատրաստվում է մի քանի հակափաստարկներով ներկայանալ որոշ փաստերի առնչությամբ, քանի որ դրանք ապօրինի կերպով են հայթայթվել, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Հիշեցնենք, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը փետրվարի 23-ին մեղադրանքներ է ներկայացրել Ուգուլավային երկու հոդվածներով. Ծառայողական դիրքի չարաշահմամբ մեծ չափերով ուրիշի ունեցվածքի յուրացում եւ ծախսում եւ ծառայողական դիրքի չարաշահմամբ առանձնակի մեծ չափերով փողերի լվացում:
Նա մեղադրվում է «Իմեդի» հեռուստաընկերությունը զավթելու մեջ: Թբիլիսիի քաղաքապետը մեղադրվում է նաեւ «Միասնական ազգային շարժման» ակտիվիստների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ:
Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին դադարեցրել է Ուգուլավայի լիազորությունները որպես քաղաքապետ: Նրան նաեւ արգելվել է լքել երկիրը քանի դեռ հետաքննությունը շարունակվում է:
news.am