ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նման դեպքերում տարանցման ավարտին հաջորդող մաքսային գործառնությունները (ժամանակավոր պահպանություն, ապրանքի կամ ուղևորային հայտարարագրով հայտարարագրում, մաքսային ընթացակարգով կամ որպես անձնական օգտագործման ապրանք բացթողում) իրականացվելու է Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ հայ-իրանական սահմանով ինքնաշարժ եղանակով տեղափոխվող ավտոմեքենաները, ներմուծողի ցանկությամբ կարող են հետագա մաքսային ձևակերպումների համար տեղափոխվել Սիսիան քաղաքում տեղակայված Հարավային մաքսատուն-վարչություն կամ Գյումրի քաղաքում տեղակայված մաքսատուն:
Մնացած բոլոր դեպքերում, մասնավորապես՝ բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով փոխադրվելու դեպքում 2019թ. հոկտեմբերի 21-ից ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է տրանսպորտային փաստաթղթերում փոխադրման վերջնակետի մասին տեղեկություններին համապատասխանող, կամ այդպիսի տեղեկությունների բացակայության դեպքում՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունը: