Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը

Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը

Այսօր Երևանը նշում է հիմնադրման 2801-ամյակը: Այս տարվա կարգախոսն է՝ «Սրտումս Երևան»։

Հայաստանն աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկիրն է.  դրանք տասներկուսն են՝ Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան:

Մ.թ.ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից. «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Հայաստանի մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց: Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «Բ» հնչյունը հայերենում հնչում է «Վ»: Այստեղից էլ Էրեբունի անունը ձևափոխվել է և դարձել Երևան:

Երևանի տարածքը կազմում է 223 քկմ, բնակչությունը՝ 1075.1 հազ. մարդ։panorama.am