Թեժ քննարկում սակրեբուլոյի նիստի ժամանակ

Թեժ քննարկում սակրեբուլոյի նիստի ժամանակ

Հոկտեմբերի 18-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը:

Հարց առաջին՝ Նինոծմինդա քաղաքի նոտարական գրասենյակի շենքը՝ որպես քաղաքային գույք 30.00 ք.մ. մակերեսով, հանձնել Նինոծմինդա քաղաքի իրավաբանական խորհրդատվական գրասենյակին 10 տարի ժամանակավոր օգտագործման իրավունքով: Նինոծմինդա քաղաքի իրավաբանական խորհրդատվական գրասենյակը իրավաբանական հարցերի շուրջ անվճար խորհրդատվություն է տրամադրելու բնակիչներին:

երկրորդ հարցը վերաբերում էր Փոկա գյուղում ոչ գյուղատնտեսական նշանակության 829 ք.մ մակերեսով հողատարածքի հանձնմանը Արդարադատության տուն կառուցելու համար:

Այս հարցերից բացի հնչեցին նաև այլ հարցեր: Մասնավորապես սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը առաջարկեց 2020թ. բյուջեով բարձրացնել սակրեբուլոյի այն պատգամավորների աշխատավարձը, ովքեր ստանում են 400 լարի գումար. այդպիսի պատգամավորները սակրեբուլոյում 6-ն են:

Սումբատ Կյուրեղյանը նաև բացատրություն պահանջեց Կովկասյան ինստիտուտի կողմից թրենինգի մասնակցելու համար քաղաքապետարանի 2 աշխատակցի հրավերի շուրջ: Կյուրեղյանը նշեց, որ հոկտեմբերի 14-16-ը Ծղալտուբո քաղաքում կայացած թրենինգին մասնակցել են 3 պատգամավորներ, ովքեր այնտեղ են մեկնել պետական ծառայողական մեքենայով և աշխատանքային օրերին:

Վերջինիս ի պատասխան պատգամավորները նշեցին, որ որոշումը կայացրել է սակրեբուլոյի փոխնախագահը, ըստ նրանց խոսքերի, ծառայողական մեքենան չի օգտագործվել, իսկ աշխատանքային օրերին մեկնելու փաստի առնչությամբ դեմ չեն աշխատավարձից պահումներ կատարելուն:
Պատգամավոր Մկրտիչ Նանայանն էլ նշեց, որ Սաթխա գյուղում ասֆալտապատման աշխատանքների ընդունում է կատարվել առանց հանձնաժողովում իրեն ընդգրկելու և ճամփեզրերին անձրևատարներ կառուցելու, փոխարենը պետք է կառուցվեին 7-8 անձրևատարներ:

Ի պատասխան պատգամավորի՝ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ նշեց, որ 2015թ. ասֆալտապատման նախագիծը կազմելու ժամանակ նախատեսված չի եղել անձրևատարների կառուցում: