Վերջին 4 տարիների ընթացքում 95000 լարի գումար է հատկացվել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից ռեգբի մարզաձևին, սակայն այդ մարզաձևով զբաղվող ոչ մի մարզիկ չկա Նինոծմինդայի մունիցիպալիտետում:
2016թ.-ից ի վեր «Թաո» տարածաշրանային ակումբը ֆինանսական աջակցություն է ստանում Նինոծմինդայի մունիցիպալիտետի կողմից: Այս ակումբը ստեղծվել է 2016թ. Նինոծմինդայի, Ախալքալաքի, Ասպինձայի, Ադիգենի, Ախալցիխեի և Բորժոմիի ֆինանսական աջակցությամբ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից 2016-2018թ. հատկացվել է 20-ական հազար լարի գումար, իսկ 2019թ. բյուջեից՝ 35 հազար լարի գումար: Ստացվում է, որ 4 տարիների ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետը ակումբին է հատկացրել 95 հազար լարի, սակայն մեր մունիցիպալիտետից ոչ մի մարզիկ ընդգրկված չէ ակումբում:
Սակրեբուլոյի պատգամավոր Արայիկ Բդոյանը նշում է, որ ՛՛Թաո՛՛ ռեգբի ակումբին ֆինանսավորելու նախագիծը մունիցիպալիտետից մասնակից չունենալու պարագայում մեղմ ասած նպատակային չէ, ինչպես աշխատանքների 80 տոկոսը:
Ըստ պատգամավորի, այդ գումարով կարելի էր լուծել շատ ավելի կարևոր խնդիրներ: Պատգամավորը նշում է, որ այդ գումարով կարելի էր նաև մունիցիպալիտետում հետաքրքրություն ներկայացնող մի այլ մարզաձև զարգացնել: