Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի վերակառուցման աշխատանքները

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան թատրոնի վերակառուցման աշխատանքները

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի վերջերին: Աշխատանքները իրականացնում է Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու գրուպ» հիմնադրամը:

Այսօր հեռախոսազրույց ունեցանք Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի դերասան Հենրիխ Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց. «Անցած տարի նոյեմբերին մեր շենքի հիմքի կառուցման աշխատանքների ժամանակ հիշում եմ մի հետաքրքիր դրվագ, որտեղ անձնակազմով հավաքվել էինք մեր թատրոնի բակում, վերցրեցինք մի երկաթյա տուփ, կոպեկներ եւ բոլորը թղթի վրա գրելով իրենց ցանկությունները թատրոնի մասին, տեղադրեցինք այդ ամենը հիմքի մեջ, որը նշանակում է, որ մենք միասին գցել ենք մեր թատրոնի շենքի հիմքը: Ներկա պահին արդեն հստակ երեւում է մեր հարազատ տան հենասյուները, այս տարի դեկտեմբերին շենքը ամբողջովին արտաքնապես պատրաստ կլինի, իսկ 1 տարի էլ հարկավոր է ներսի աշխատանքները ավարտելու համար եւ 2021 թվականի գարնանը կլինի բացումը ու վերջապես կմտնենք մեր հարազատ օջախ»:

Պետրոսյանի խոսքով. «Ճիշտ է վերջին տարիների ընթացքում շենքը չի գործում, բայց մեր թատրոնի կազմը անընդհատ գործում է: Հիմնական փորձերը անցկացնում ենք Ա. Գրիբոյեդովի անվան թատրոնում: Խաղում ենք Նոդար Դումբաձեի եւ Շոթա Ռուսթավելու անվան թատրոններում, հյուրախաղերով շրջում ենք Վրաստանի եւ Հայաստանի տարբեր շրջաններ` Ախալցիխե, Ախալքալաք, Ծալկա, Երեւան, Վանաձոր եւ այլն…
Ներկա պահին պատրաստում ենք Նոր տարվան նվիրված ներկայացում, որով նույնպես շրջելու ենք»:

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Թատրոնի կառուցման աշխատանքների ավարտից հետո հին տեսքը պահպանվելու է, որ հիշեցնի Հայաստանից դուրս գործող աշխարհի միակ պետական հայկական թատրոնի մոտ 170 տարվա պատմության մասին:

2021 թվականին վերակառուցման աշխատանքներից հետո թատրոնը կունենա այսպիսի տեսք

Հենրիխ Պետրոսյանը նշեց. «Մեզ միանում են նաեւ մեր բարեկամները արտերկրից, շատ հաճախ գալիս են տեսնելու թե ինչ վիճակում է թատրոնը, ինչպիս են ընթանում աշխատանքները, հայտնի մարդիիկ, դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ : Հայաստանից նաեւ փոքրիկ տեսանյութեր են ուղարկում հայտնի դերասանները, ովքեր իրենց խոսքով աջակցում ու կանգնում են մեր կողքին»:

Տեսանյութը եւ լուսանկարները մեզ տրամադրեց Հենրիխ Պետրոսյանը: