Ձեր ուշադրությանն ենք Ներկայացնում Սիլվա Կապուտիկյանի «Մեր սերը» հանճարեղ ստեղծագործությունը.
Հայաստա՛ն աշխարհ,
Դու մե՛րը եղար ու մերը չեղա՜ր,
Դրա համար էլ մենք քեզ սիրեցինք սիրահարի՝ պես …
Դու մե՛րը եղար,
Ինչպես որ մերն է մեր երակներում հոսող արյունը,
Եվ մերը չեղար,
Ինչպես մերը չէ Վարագա սարի արեւածագը,
Սասնա անտառին իջնող մանանան,
Մշո դաշտերը շոյող սոսափը …
Դու մոտի՛կ եղար՝
Սրտիդ տրոփը մեր կոշտ ձեռքերին հաղորդելու՜ չափ,
Եվ հեռու եղար՝
Սահմանից այն կողմ
Անիի կարմիր ավերակներից մեզ երեւացող
Մայր տաճարի՜ պես:
Դու տաք հո՜ղ եղար՝
Մեր պիրկ խոփերի տենչանքին հլու,
Մեր գգվանքներից ծլարձակող հո՜ղ,
Եվ միրաժ եղար
Կապույտ, անշոշափ ու անբռնելի,
Մենք՝ անվերջ հասնո՛ղ,
Իսկ դու՝ հեռացո՛ղ, անվերջ հեռացո՜ղ…
Հայաստա՛ն աշխարհ,
Դու այդպե՛ս եղար,
Եվ դրա համար մենք քեզ սիրեցինք
Ո՛չ հարազատի հանդարտիկ սիրով,
Այլ՝ սիրածի՛ պես, սիրահարի՜ պես.
Ցավո՛տ, ցավախա՜ռն
Երազով, լույսով, երգող տխրությամբ,
Մերթ խռովելով,
Մերթ հաշտվելով,
Քո գրկո՛ւմ անգամ՝ քեզ կարոտելո՛վ,
Քեզ կորցնելու ահից՝ տագնապա՛ծ,
Քեզ ունենալու խինդից՝ երջանի՜կ,
Եվ բախտիդ համար անվերջ, ամեն պահ մեռնել-ապրելո՜վ…
Հայաստա՜ն աշխարհ…