Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի բնակիչներն առողջության համար վտանգավոր, քաղցկեղածին նյութերն ամիսներ շարունակ թափում են իրենց տների առաջ: Այս մասին գրում է «Ախալի կվիրա» լրատվականը:
Հուլիսի 11-ին Մառնեուլիում տեղի ունեցած ուժեղ բնական աղետի հետևանքով Կարմիր գյուղում և հարակից մի քանի այլ բնակավայրերում 391 տան տանիք է վնասվել, ասբեստով կառուցված տանիքներն այսօր որպես աղբ թափված են գյուղում։
Վրաստանի կառավարությունը 1 200 000 լարի է հատկացրել այն ընտանիքներին, որոնց տանիքները վնասվել են: Բնակիչներին տրվել են նոր տանիքների նյութեր, սակայն նրանց կառուցելու գործում որևէ օգնություն չի ցուցաբերվել:
Կարմիր գյուղում տների մեծ մասի տանիքները կառուցելիս գյուղացիներն օգտագործել են ասբեստ: Այս նյութը վտանգավոր է առողջության համար, արգելված է նույնիսկ բաց տեսքով նետել այն: Ինչպես «Ախալի կվիրա»-ին ասել է աշխատանքի, բժշկության և բնապահպանության ինստիտուտի կանխարգելիչ թունաբանության ամբիոնի վարիչ Ինգա Ղվիներիան, ասբեստը տեղացած կարկուտի հետևանքով ճեղքվել է, ինչից հետո ասբեստից հեշտությամբ դուրս եկող թունավոր նյութերը՝ մանրաթելերը, հնարավոր է մարդու օրգանիզմ ներթափանցեն՝ առաջացնելով չարորակ քաղցկեղ:
«Մառնեուլի» ռադիոկայանին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից ասել են, որ Կարմիր գյուղից արդեն 14 բեռնատար մեքենա ասբեստի մնացորդ է դուրս բերել: Քաղաքապետարանը, սակայն, շրջակա միջավայրի պահպանության նախարարության պահանջով դադարեցրել է աղբահանությունը:
Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունից էլ հայտնում են, որ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն այդ հարցով նամակ է ներկայացրել նախարարություն:
«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Մանրամասն կտեղեկացվի, թե ինչպես այն պետք է տեղադրվի աղբավայրերում: Թափոնները պետք է փաթեթավորվեն այնպես, որ ջուր չկպնի կամ ասբեստի փոշին դուրս չգա: Եթե ասբեստը փորձեն կտրել, ապա քաղաքացին որևէ դեպքում չպետք է շնչի այն», — հայտնում են բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունից:
Մառնեուլիի քաղաքապետարանն ու գյուղատնտեսության նախարարությունը չեն կարող ասել, թե ինչո՞ւ վտանգավոր նյութերը բնակելի վայրից շուրջ 3 ամիս չեն հանվել:aliq.ge