«Վրացական երազանք»-ից Հենզել Մկոյանը, Կախա Օքրիաշվիլին և Դիմիտրի Խունդաձեն են այն երեք պատգամավորները, որ դեմ են քվեարկել համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծին:
Դահլիճում գտնվող 37 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը, այդ թվում խորհրդարանի մնացած երկու՝ ազգությամբ հայ պատգամավորներ Ռուսլան Պողոսյանն ու Սամվել Մանուկյանը, ովքեր, ի դեպ, մանդատ են ստացել համամասնական ցուցակով:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր բուռն քննարկումներից հետո անցավ համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ օրինագծի քվեարկությանը՝ մերժելով այն: Օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ էր 113 ձայն, իսկ քվեարկության արդյունքներն են՝ 101 կողմ և 3 դեմ: Օրինագծին դեմ քվեարկողները «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների մի մասն են:
Սահմանադրական փոփոխությունների նախագծին ամբողջությամբ աջակցել են ընդդիմադիր «Ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան» և «Հայրենասեր դաշինք» խմբակցությունները և անկախ օրենսդիրները:
Սահմանադրական փոփոխությունների հիշյալ օրինագիծը նախատեսում է մեծամասնական ընտրակարգի վերացում, ամբողջովին անցում համամասնական ընտրակարգի։ Ընդունելու դեպքում այն կկիրառվեր արդեն ոչ թե 2024-ին, ինչպես գործող սահմանադրությամբ է ամրագրված, այլ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Նախագիծը արգելում է բլոկների ստեղծումը՝ սահմանելով ընտրությունների զրոյական շեմ:
Սահմանադրական փոփոխությունները Վրաստանում հունիսի 20-21-ին մեկնարկած ցույցերի պահանջներից մեկն էր: Բիձինա Իվանիշվիլին քաղաքացիներին խոստացել էր հենց 2020-ին անցում կատարել համամասնական ընտրակարգի:aliq.gehttps://www.aliq.ge/mkoyan-okhriashvili-ev-xundadze-orinagtcin-dem-khvearkatc-3-patgamavornereh/