Մի քանի տասնյակ մարդ գիշերն անցկացրել է խորհրդարանի դիմաց՝ փողոցի երթևեկելի մասում տեղադրված վրաններում։Հիշեցնենք՝ 2 օր առաջ ակցիայի մեկնարկը տվել էր «Ամոթ է» նախաձեռնությունը՝ նախ «Վրացական երազանք» իշխող կուսակցության գրասենյակի մոտ, ապա տեղափոխվելով խորհրդարանի դիմաց։ Ակցիան մեծ մասշտաբների հասավ, երբ խորհրդարանը չկարողացավ ընդունել համամասնական ընտրակարգին անցնելու՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը (անհրաժեշտ 113 ձայնից հավաքվեց 101֊ը)։
Արդյունքում՝ նախօրեին խորհրդարանի դիմաց մի քանի հազար մարդ հավաքվեց։ Քաղակտիվիստների շարքերում երեկոյան երևացին ընդդիմության ներկայացուցիչներ, այլ քաղաքական գործիչներ։ Նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ասաց, որ մնալու և պայքարելու է մինչև վերջ։
Գիշերը երիտասարդ ակտիվիստներից մի քանիսը՝ ոստիկանության ուղեկցությամբ շարժվեց իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի տուն՝ իշխանափոխության պահանջով։
Այս պահին ևս պողոտան փակ է։ Ցուցարարներն ասել են՝ հեռանալու միտք չունեն՝ մինչև չկատարվի գլխավոր պահանջը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշում չլինի։ Ելույթները կվերսկսվեն երեկոյան 7-ին, իսկ կիրակի ավելի մասշտաբային ակցիա են խոստանում։
Հայտնի է, որ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև մնացած մեծ քաղաքներում։ Քութայիսիում ցուցարարները ցուցադրաբար այրել են օրինագծին դեմ քվեարկած պատգամավորների ցուցակը։aliq.ge