Վրացերենի չիմացության պատճառով Գանձայի բնակչուհին չի կարողանում քաղաքացիություն ստանալ

Վրացերենի չիմացության պատճառով Գանձայի բնակչուհին չի կարողանում քաղաքացիություն ստանալ

Ջավախքի բնակիչներից շատերի համար քաղաքացիություն ստանալու խնդիրը մնում է դեռևս անլուծելի: Փորձը ցույց է տալիս, որ երկքաղաքացիությունը շատ մարդկանց համար գոյության միջոց է, քանի որ շատերը հայկական անձնագրերով որպես աշխատանքային միգրանտներ մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան, իսկ ոմանց համար էլ այն իսկական պատուհաս է դարձել՝ պատճառ հանդիսանալով Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու համար:

Ինչպես հայտնի է, Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչներից շատերը պահում են իրենց ընտանիքները Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնելու շնորհիվ:

Կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր իրենց հարազատներին տեսնելու կամ առողջական խնդիրներ լուծելու համար ստացել են Հայաստանի քաղաքացիություն, ինչն էլ նրանց հետագայում կանգնեցրել է մի շարք խնդիրների առաջ:

Այդպիսի բնակիչներից մեկն էլ Գանձա գյուղի 71-ամյա Սեդա Փանղրաթյանն է, ով արդեն յոթ տարի է զրկված է Վրաստանի քաղաքացիութունից հայկական անձնագրով Ռուսաստան մեկնելու պատճառով:

Երբ Սեդա Փանղրաթյանին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից, վերջինիս չեն էլ հարցրել, թե որ քաղաքացիությունից է ուզում հրաժարվել: Կինն այդ մասին իմացել է, երբ հերթական անգամ գնացել է թոշակը ստանալու:

Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու համար 71-ամյա Սեդան արդեն երկու անգամ դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարություն, ակայն պետական լեզվի չիմացության պատճառով, նա մերժում է ստացել: Այնուհետև հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից ևս, որպեսզի, իր կարծիքով, նպաստի Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու գործընթացին։

Արդյունքում տարեց կինը մնացել է առանց կենսաթոշակի և առանց որևէ երկրի քաղաքացիության: Ընտանիքում Վրաստանի քաղաքացիություն չունեն նաև նրա հարսը և թոռնուհին:


Հարսը ևս մեզ հետ զրույցում նշեց, որ ցանկանում է Վրաստանի քաղաքացիություն ստանալ, քանի որ 11 տարի է արդեն ապրում է գյուղում և չի պատրաստվում այլ տեղ գնալ ապրելու նպատակով: Նա ևս չի կարողանում ստանալ քաղաքացիություն, քանի որ չի տիրապետում վրացերենին։

Սեդա Փանղրաթյանի վիճակում են գտնվում շատ-շատերը ինչպես Գանձայից, այնպես էլ՝ մունիցիպալիտետից:

Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախեթիի մասնաճյուղի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին էլ նշում է, որ երկքաղաքացիության խնդիրը շատ հրատապ է, քանի որ Ջավախքի գյուղերը դատարկվում են:

՛՛Մերժում ստանալու հետ կապված հարցերով մեզ շատ են դիմում բնակիչները: Մենք ստացել ենք փաստարկված պատասխաններ Արդարադատության նախարարությունից, թե ինչու չեն տալիս քաղաքացիություն այդ բնակիչներին: Կան պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն այդ մարդիկ, որոնցից մեկն էլ պետական լեզվի իմացությունն է”,֊պարզաբանում է Կուլջանիշվիլին:

Բանն այն է, որ այն նախկին քաղաքացիները, ովքեր զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից Հայաստանի քաղաքացիություն ունենալու պատճառով, կրկին կարող են վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը: Այդ իրավիճակում գտնվող բնակիչները կարող են դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալություն:

Պարզապես այդ բնակիչները պետք է տիրապետեն վրաց լեզվին, օրենսդրության հետ կապված խնդիրներ չունենան և դեպորտացիայի ենթարկված չլինեն նախկինում:

Բացի այդ, Պետական ծառայությունների զարգացման գործակալություն կարող են դիմել նաև այն անձինք, ովքեր հանդիսանում են Վրաստանի քաղաքացի, բայց ցանկանում են ստանալ նաև մեկ այլ երկրի քաղաքացիություն: Այդ մարդիկ առանց խոչընդոտի կարող են ստանալ մեկ այլ երկրի քաղաքացիություն՝ տեղյակ պահելով իրենց մտադրության մասին և այդ դեպքում պահպանվում է նրանց Վրաստանի քաղաքացիությունը:

Նյութը պատրաստել են Գարուշ Արզումանյանը, Անահիտ Զալալյանը և Բորիս Ղարսլյանը:

მასალა მომზადებულია გორის სათემო რადიო “მოზაიკას” პროექტის “მედიაადვოკატირების კამპანია ანტიდისკრიმინაციული კანონის იმპლემენტაციისთვის” ფარგლებში. რომელიც მხარდაჭერილია საქართველოს ახალგაზრდა იურისტთა ასოციოაციის მიერ . მის შინაარსზე პასუხისმგებელნი არიან ავტორები, მასალაში გამოთქმული ყველა მოსაზრება შესაძლოა არ ემთხვეოდეს საიას ოფიციალურ პოზიციებს



Opinion, pooling and voting