Հայաստանի իշխանությունը Սպիտակում երկրաշարժի հետևանքով տուժածների համար բնակարաններ գնելու համար կհատկացնի 2,7 միլիոն դոլլար:
227 ընտանիք կստանա փոխհատուցում: Սրանք այն ընտանիքներն են, որոնք մինչ այժմ բնակվում էին ժամանակավոր տնակներում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրաշարժի հետևանքով տուժածների բնակապահովման խնդիրը կլուծվի մինչև 2020 թվականի վերջը:
227 ընտանիք ցանկություն է հայտնել պետությունից ստանալ օգնություն: Աղետի գոտում մինչ այժմ մնում է երկրաշարժից տուժած 453 ընտանիք: Նրանց մի մասը հրաժարվել է պետության առաջարկած փոխհատուցումից:
Ինչպես հայտարարել է Փաշինյանը, իշխանությունը պարտավոր է նրանց ապահովել բնակարանով:
Սպիտակի երկրաշարժ անվանմամբ հայտնի աղետը Հայաստանում տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Ստորգետնյա ցնցումների հետևանքով ամբողջովին ավերվել էր Նալբանդ գյուղը, որը ամենամոտն էր էպիկենտրոնին:
Աղետի հետևանքով տուժել էր 340 գյուղ և 20 քաղաք: Ամբողջովին ավերվել էր Սպիտակ քաղաքը: Ողբերգության զոհ էր դարձել 25 հազար մարդ, ավելի քան կես միլիոնը՝ դարձել անօթևան:1tv.ge