Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում խցանումներ են, թեեւ անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Տասնյակ մեքենաների վարորդներ չեն կարողանում հատել սահմանը:
Հայաստանի եւ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկներ ու բեռնատարների վարորդներ օրերով սպասում են անցնելու իրենց հերթին, գրում է Vesti.ru-ն:
Հերթում ժամերով կանգնելուց հետո, ոմանք պատրաստ են հետ վերադառնալ՝ կտրելով հազարավոր կիլոմետրեր:
Գեղանկարիչ Վարուժան Սիմոնյանը, թերեւս միակ հանդարտ մարդն է ռուս-վրացական սահմանին: Հայտնվելով անվերջանալի խցանման մեջ, նա որոշել է կտավին հանձնել ստեղված պատկերը: «Տեսեք, ինչ հերթ է, ժամանակ կա, ես էլ նկարում եմ»,-ասել է նա:
Երբ երեք տարի առաջ վերաբացվել «Վերին Լարսի» անցակետը, օրական, ընդամենը մի քանի մեքենա էր անցնում: Այսօր, սակայն, այս անցակետով սահմանը հատում է օրական 1500 ավտոմեքենա: Դա երեք անգամ բարձր ցուցանիշ է անցակետի թողունակությունից: Սահմանապահները հայտարարում են, որ անում են ամեն ինչ՝ սահմանին գրանցման գործընթացն արագացնելու համար: Ռուսական կողմի մաքսակետի պետ Սերգեյ Տրոցկոն նշել է, որ խնդրի լուծման եղանակներից մեկը անցակետի մոտ ենթակառուցվածքների եւ էլեկտրոնային հերթի ստեղծումն է:
Մասնագետները համարում են, որ անցակետի թողունակությունը կարելի է մեծացնել՝ հավելելով նոր տերմինալներ:
news.am