Հենզել Մկոյանի հանդիպումը Նինոծմինդայի ղեկավարության հետ

Հենզել Մկոյանի հանդիպումը Նինոծմինդայի ղեկավարության հետ

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի, քաղաքապետարանի և քաղաքապետի գյուղերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման սկզբին պատգամավորը պարզաբանեց, թե ինչու է դեմ քվեարկել 2020թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի ընդունմանը:

«Դեմ եմ քվեարկել, քանի որ 5 անգամ ես պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Գիտեմ, որ Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչության 80-90 տոկոսը ցանկանում են մեծամասնական համակարգով քվեարկել, որպեսզի իմանան, թե ստույգ ում ներկայացնեն իրենց խնդիրներն ու կարիքները»,-նշեց Հենզել Մկոյանը:

Հանդիպման հիմնական նպատակը 2020թ. տեղական բյուջեի նախագծի քննարկումն էր: Օգոստոս և սեպտմբեր ամիսներին տեղական իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպումներ են անցկացրել մունիցիպալիտետի բոլոր գյուղերի բնակիչների հետ և լսել նրանց բարձրացրած հարցերը: Հենզել Մկոյանը նշեց, որ բյուջեի նախագիծը արդեն պատրաստ է, բնակիչների կողմից բարձրացված խնդիրների 90 տոկոսը ներառված են բյուջեում, իսկ մնացածին հնարավոր կլինի լուծում տալ բյուջեի մնացորդի հաշվին:

Պատգամավոր Հենզել Մկոյանը նշեց, որ ամեն գյուղ ունի տարբեր խնդիրներ: Ըստ նրա, մեկի համար խնդիր է դպրոցը, մյուսի համար ճանապարհները, կա գյուղ, որ չունի բուժկետ, մշտական ջուր, մինի մարզադաշտ, մարզադահլիճ և այլն: