Թբիլիսիի Ազատության հրապարակում` «Կորտյարդ Մարիոտտ» հյուրանոցի մոտ, որտեղ տեղավորվել են ռուս ֆուտբոլիստներն ու նրանց երկրպագուները, հուլիսի 8-ի առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել` ՌԴ Պետդումայի պատգամավորների`Թբիլիսի ժամանելու, ռուսական շրջափակման եւ ռուս երկրպագուների երեկվա վարքի դեմ: Ակցիայի մասնակիցները կապել են իրենց ձեռքերը, հաղորդում է Գրուզիա Online-ը:
Կիրակի օրը` հուլիսի 7-ին, Թբիլիսիի այն մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում «Դինամո-Վրաստան»- «Դինամո-Մոսկվա» խաղը, բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ:
«Մեզ հետաքրքրում է` եթե սպորտը քաղաքականություն չէ, ապա ինչո՞ւ էին խաղին ներկա ՌԴ Պետդումայի պատգամավորներ…Մենք բողոքում ենք նրա դեմ, որ այսօր այստեղ քաղաքական գործիչներ էին, որոնք վիրավորում են Վրաստանին»,-ընդգծել են ակցիայի մասնակիցները:
Ականատեսները հաղորդել են, որ ոստիկանները պատռել են ակցիայի մասնակիցների` «Միասնական Վրաստան` առանց շրջափակողների» պաստառները եւ ձերբակալել «Ազատ գոտու» երեք ակտիվիստների, որոնք կազմակերպել էին ակցիան:
news.am