Հասմիկ Պողոսյանը վրացական պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Հասմիկ Պողոսյանը վրացական պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Օրերս Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի տեղակալ Բադրի Բագրատիոնիին եւ քննարկել հայ-վրացական համատեղ ծրագրերը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 20-22-ը ՀՀ մշակույթի նախարար Հ. Պո­ղոսյանի Վրաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրույցի ընթացքում կողմերը նշել են Հայաստանում անցկացված Պոեզիայի I միջազգային փառատոնին վրաց բանաստեղծների մասնակցությունը, իսկ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում կայանալիք վրացական կինոյի օրեր (ներկայացվելու է 7 ֆիլմ) եւ «Միմինոյի հերոսների հետքերով» ծրագրերին՝ անվանի վրաց կինոռեժիսորների եւ դերասանների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում համագործակցության խնդիրներին եւ վերահաստատել իրենց համաձայնությունը՝ այս ասպարեզում համագործակցությունը ծավալել «Եվրոպական ժառանգության պահպա­նության մասին» կոնվենցիայի շրջանակներում:

Նշվել, որ Գյումրիի եւ Թբիլիսիի Մարջանիշվիլիի անվան թատրոնները բանակցում են փոխադարձ հյուրախաղերի շուրջ: Բացի այդ, 2014 թ. Մարջանիշվիլիի անվան թատրոնը կմասնակցի Շեքսպիրյան փառատոնին:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը կերպարվեստի, ժամանակակից արվեստի ոլորտներում եւս: Որոշվել է կազմակերպել մտավորականների միջսահմանային հանդիպումներ: Այնուհետեւ, վրացական կողմը հրավիրել է երիտասարդ հայ արվեստագետներին մասնակցելու Վրաստանում, մասնավորապես՝ Բաթումիում կայանալիք ժամանակակից արվեստի փառատոնին: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ այն պայմանավորվածություններին, որոնց ընթացքը դանդաղում է. մասնավորապես` «Երեւան-Թբիլիսի տրանզիտ» երաժշ­տական նախագծին, Ջիվան Գասպարյանի եւ ջազ-համերգին, երկու երկրների թան­գարանների միջեւ համագործակցության ակտիվացմանը:

Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Բադրի Բագրատիոնին զրույցի ընթացքում տեղեկացրել է նախարար Հ. Պողոսյանին, որ այցելել են Ս. Փարաջանովի թանգարան, որտեղ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարի խորհրդական Գեորգի Գեգեչկորին իր կողմից արված Ս. Փարաջանովի նկարը, «Նռան գույնը» ֆիլմի օրինակ եւ Փիրոսմանիի նամակը Ս. Փարաջանովին նվիրել է թանգարանին:
NEWS.am



Opinion, pooling and voting