«Բարվա» ինովացիոն կենտրոնը ծրագրում է Ղարաբաղում եւ Վրաստանում «Զենիթ –Մ» հակակարկտային կայանների հավաքման արտադրամասեր բացել, այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կենտրոնի տնօրեն Արամ Վարդանյանը:
Նրա խոսքով` կենտրոնն արդեն 72 նոր կայանի պատվեր է ստացել, որոնց պատվիրատուն Լեռնային Ղարաբաղի փրկարար ծառայությունն է: «Մենք պատրաստվում ենք կայանների հավաքման մեկ արտադրամաս ստեղծել Ստեփանակերտում, մյուսը` Վրաստանում, որտեղ եւս արտահանում ենք մեր կայանները»,-ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով` Կախեթի շրջանում արդեն երեք «Զենիթ» է գործում: «Մենք ծրագրում ենք ակտիվացնել համագործակցությունը Վրաստանի հետ, քանի որ երկրի ագրարային շրջաններում հակակարկտային կայանների պահանջարկը բավականին մեծ է եւ կարող է մի քանի հազարի հասնել»,-ճասաց Վարդանյանը` ավելացնելով, որ եւ Ղարաբաղում, եւ Վրաստանում հավաքման արտադրամասերը նախատեսվում է բացել արդեն 2013թ-ին:
news.am