Նոյեմբերի 24-ին «Լեյբորիստական» կուսակցության գլխավոր գրասենյակում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել են՝ քննարկելու նոյեմբերի 25-ին նախատեսված ցույցը, ինչպես նաև ընտրությունների «գերմանական մոդելը»:
Որոշվել է՝ նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ընդդիմադիր կուսակցությունների մի մասը Հանրապետության հրապարակում կհավաքվի, մյուսը՝ Ռուսթավելիի պողոտայում: Հանրապետության հրապարակում հավաքվածները երթով կմիանան Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին:
Ցույցի ավարտից հետո ցուցարարները դարձյալ կարգելափակեն խորհրդարանի մուտքերը:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Նոյեմբերի 18-ին ՆԳՆ-ն ցույցը ցրեց ջրցան մեքենայով՝ զգուշացնելով, որ խորհրդարանի մուտքերը կրկին փակելու դեպքում նույն կերպ կգործի:
Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ, պահանջում է է արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։aliq.ge