Երկու մարդ տուժել է Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու ժամանակ

Երկու մարդ տուժել է Թբիլիսիում բողոքի ցույցը ցրելու ժամանակ

Բողոքի ցույցի երկու մասնակից Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում տուժել է ջրցանից, ասել է բողոքի շարժման առաջնորդներից Շոթա Դիգմելաիշվիլին, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Վնասվել է նրանցից մեկի աչքը, իսկ երկրորդի՝ «Գիրչի» կուսակցության անդամի ձեռքն ու դեմքի ոսկորն են կոտրվել։

«Դա տեղի ունեցավ իմ կողքին։ Ջրցանի շիթը, ցավոք, վնասեց մեկի աչքը, բայց, ինչպես մեզ գրում են հիվանդանոցից, հաջողվել է փրկել նրա աչքը»,- ասել է նախկին կառավարող «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին լրագրողներին։

Ջրցան մեքենաները գործադրելուց եւ ցուցարարներին ցրելուց առաջ ՆԳՆ-ն հավաքվածներին կոչ է արել հեռանալ խորհրդարանի մուտքերի տարածքից, բայց նրանք հրաժարվել են ցրվել։

Այդ ընթացքում, չճշտված տվյալներով, կալանավորվել է ակցիայի 18 մասնակից, այդ թվում՝ «Միասնական ազգային շարժման» ակտիվիստ Ակակի Մինաշվիլին։

Ընդդիմության եւ երիտասարդական շարժման առաջնորդները, որոնք ակցիայի կազմակերպիչներն են, ասում են, թե մտադիր չեն ցրվել եւ խոստացածը հասցնելու են մինչեւ վերջ՝ խանգարելու են կառավարող «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կուսակցության պատգամավորներին աշխատել։ Մյուս պատգամավորները բոյկոտ են հայտարարել ընտրական բարեփոխումը տապալելու պատճառով։

Բողոքի ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 14-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանի պատգամավորները տապալեցին Սահմանադրության փոփոխությունները արդեն 2020 թվականի ընտրություններում խառը ընտրահամակարգից համամասնականի անցման վերաբերյալ։ Այդ ընթացքում արդեն երկրորդ անգամ փողոց են դուրս բերվել հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, կիրառվել են ջրցան մեքենաներ։

Ներկայում Ռուսթավելի պողոտայի երթեւեկելի հատվածը մաքրված է, մեքենաների երթեւեկը՝ վերականգնված, իսկ փողոցները, որոնք տանում են դեպի խորհրդարանի կողային մուտքեր, փակ են ավտոբուսներով եւ հատուկջոկատայիններով։ Բողոքի ակցիան շարունակվում է խորհրդարանի առջեւ։ Մասնակցում է մոտ հարյուր մարդ, այդ թվում խորհրդարանի պատգամավոր Էլենե Խոշտարիան «Եվրոպական Վրաստան – ազատության շարժում» կուսակցությունից։ Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը նշանակված է ժամը 12.00-ին։news.am