Վրաստանաբնակ հայ երիտասարդությունը արդյունավետ ներգրավվածություն պետք է ունենա Վրաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում: Այս մասին, հուլիսի 16-ին, հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով մասնակցել է «Երիտասարդ առաջնորդների պատրաստման ծրագրի» շրջանակներում Վրաստանի Ծերովանի բնակավայրում տեղակայված քառօրյա ճամբարի բացման արարողությանը:
Ծրագիրը նախաձեռնել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ:
Դեսպանը արժեւորել է ծրագրի գործարկումը եւ հույս հայտնել, որ այն կունենա շարունակական բնույթ, քանզի հետամուտ է հայաբնակ տարածաշրջաններում հայկական ներուժի համախմբմանը եւ տեղերում հայապահպան գործունեության աշխուժացմանը: Դեսպան Մանուկյանն անդրադարձել է նաեւ հայ-վրացական երկկողմ հարաբերություններին, Վրաստանի մեծաթիվ հայկական համայնքի հիմնախնդիրներին:
Միջոցառման ընթացքում «Ժողովրդական պաշտպանի դերակատարությունը Վրաստանում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Վրաստանի ժողովրդական պաշտպանին կից Հանդուրժողականության կենտրոնի համակարգող Բեքա Մինդիաշվիլին:
Ճամբարային օրերի ընթացքում հայ երիտասարդները հանդիպումներ կունենան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանի, Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլիի եւ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլիի հետ:
news.am